Երևանի կոնյակի գործարանը 10 տարի ընդմիջումից հետո վերաթողարկել է «Հայաստան» կոնյակը
ОбществоԵրևանի կոնյակի գործարանը վերաթողարկել է հայկական կոնյակագործության վարպետ Մարգար Սեդրակյանի գլուծգործոց համարվող «Հայաստան» կոնյակը՝ ամբողջությամբ պահպանելով վարպետի հեղինակային կուպաժը։10 տարի հնեցմամբ «Հայաստան» կոնյակը ստեղծվել է 1940 թվականին, և այժմ՝ 75 տարի անց, գործարանի մասնագետները ներկայացնում են «Հայաստանի» վերածնունդը։ Կոնյակի թողարկումն ընդհատվել էր 2005 թվականին, և 10 տարվա ընդմիջումից հետո այն կրկին հասու կլինի հայ, ապա նաև օտարազգի սպառողներին։
Երևանի կոնյակի գործարանի «Արարատ» ապրանքանիշի դեսպան Քրիստինա Իշխանյանի խոսքով՝ «Հայաստան» կոնյակը պահպանել է իր նախորդ թողարկումների որակական և համային հատկանիշները։ «Ամբողջությամբ պահպանվել է վարպետի հեղինակային կուպաժը։ «Հայաստան»-ը կներկայացվի «Արարատ» զանգվածային տեսականուն ոչ բնորոշ շշերով և արտաքին ձևավորմամբ, քանի որ պահպանել ենք 40-ականների շունչը՝ հաղորդելով նաև ժամանակակից լուծումներ։ Շշի ձևն ու տարողությունը նույնն են, պահպանվել են նաև դիզայնի հիմնական գծերը»,- ասաց նա։
Քրիստինա Իշխանյանը հայտնեց, որ «Հայաստան» կոնյակը դեռևս նախատեսված է միայն տեղական սպառման համար, իսկ ապագայում նաև կարտահանվի։ «Այն ներկայացվում է «Արարատ» կոնյակների կոլեկցիոն տեսականու ներքո։ Դա ենթադրում է հետկուպաժային երեք և ավելի տարիների լրացուցիչ հնեցում։ Այս կոնյակի պարագայում հետկուպաժային հնեցման շրջանը կաղնեփայտյա տակառներում կազմում է մոտ տասը տարի»,- ասաց Իշխանյանը։ Նա պատմեց, որ Մարգար Սեդրակյանի ստեղծած կոնյակների շարքում կարելի է նաև նշել Դվինը, Ախթամարը, Նաիրին, Տոնականը։
«Արարատ»-ը հայկական կոնյակագործության ավանդույթները պահպանում է 1887 թվականից սկսած, երբ վաճառական Ներսես Թաիրյանը սկսել է գործարկել Երևանում գինու և կոնյակի առաջին գործարանը: 1899 թ. «Н.Л.Шустов и сыновья» ընկերությունը գնել է գործարանը, իսկ 20-րդ դարի սկզբին նշված ընկերությանը շնորհվել է Նիկոլայ II-ի արքունիքի կոնյակի մատակարարի կարգավիճակ: 1998 թ. Երևանի կոնյակի գործարանը դարձավ բարձրակարգ խմիչքների ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի` «Պեռնո Ռիկար» խմբի անդամ: Միջազգային խմբի հետ համագործակցության շնորհիվ ArArAt ապրանքանիշը զարգացման և նորարարական մոտեցումների նոր հնարավորություններ ձեռք բերեց` ամրապնդելով իր դիրքերը միջազգային ասպարեզում: