Ադրբեջանում բանտարկված լրագրող Խադիջա Իսմայիլովան արժանացել է PEN պարգեւի
ОбществоԱդրբեջանում ձերբակալված «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովան արժանացել է միջազգային «PEN/Barbara Goldsmith գրելու ազատություն» պարգեւի:
Այս մասին հայտնում է Meydan TV հեռուստաալիքը: PEN-ի ամերկյան կենտրոնը հայտնել է, որ պարգեւն այս տարվա մայիսի 5-ին հանձնվելու է Նյու Յորքում` Ամերիկայի բնության պատմության թանգարանում:
Իսմայիլովան Ադրբեջանում պետական մակարդակով կոռուպցիայի փաստեր բացահայտած լրագրող է: Ադրբեջանում նա ձերբակալվել է անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին` նախկին գործընկերոջը ինքնասպանության հասցնելու մեղադրանքով: Ընդ որում վերջինս ապրիլի 7-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությանը դիմել էր չեղյալ համարելու իր հայցը` նշելով, որ բողոքը կապված է եղել այն ժամանակ իր հոգեկան վիճակում առկա խնդիրների եւ ունեցած նյարդային ցնցման հետ, եւ այժմ ցանկանում է հաշտվել Իսմայիլովայի հետ:
PEN-ը նամակ է հղել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին, որում կոչ է արել պահանջել Բաքվում անցկացվելիք Եվրոխաղերի շեմին ազատ արձակել Իսմայիլովային: Նամակին միացել են նաեւ աշխարհահռչակ լրագրողներ Բոբ Կոստասը (NBC News), Ֆրանկ Դեֆորդը (Sports Illustrated), Սթիվ եւ Մարկ Ֆայնարու-Վադա զույգը (ESPN) եւ Դեւիդ Ռեմնիկը (The New Yorker):
PEN-ի գործադիր տնօրեն Սյուզան Նոսսելն այդ առնչությամբ հայտարարել է. «Խադիջա Իսմայիլովան վախ չունի: Նա բազմաթիվ անգամ Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն գործողությունները բացահայտող հետազոտություններ է կատարել: Նա նամակներ է ուղարկում նաեւ բանտից եւ հայտարարում, որ չի լռելու, քանի Ադրբեջանում չի հաստատվել խոսքի ազատությունը»:
«PEN/Barbara Goldsmith գրելու ազատություն» պարգեւը ամեն տարի տրվում է ձերբակալված եւ հետապնդվող անձանց: 1987 թվականից այս կողմ այդ պարգեւին արժանացած 39 գրողներից եւ լրագրողներից 35-ն արդեն ազատ են արձակվել:
Նշվում է, որ պարգեւը Իսմայիլովայի անունից կստանա ադրբեջանցի վտարանդի լրագրող Էմին Միլլին:
PEN-ը նաեւ «Հավերժ ծառայություն», «Արտահայտվելու ազատության խիզախություն», «Պատվավոր հրատարակչություն» պարգեւներ է հանձնում:
PEN-ի ամերիկյան կենտրոնը ստեղծվել է 1922 թվականին: Կազմակերպությունը 4 հազար գրող անդամ ունի: Կառուջյցի նպատակը աշխարհում խոսքի ազատության խոչընդոտների վերացումն է:
Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի իշխանությունների թիրախ է դարձել իր լրագրողական գործունեության համար: