Հանցակազմը, որը ներկայացվել է Սեֆիլյանին և նրա ընկերներին, գոյություն չունի. Արմեն Մկրտչյան
ОбществоԺիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը, կարծես, անտեսված մնաց քաղաքական ուժերի կողմից: Իհարկե, եղան մի քանի դատապարտող ելույթներ, բայց դրանք աննկատ մնացին:
Orer.am-ը զրուցել է «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանի հետ՝ պարզելու այս թեմայի հետ կապված քաղաքական դաշտի պասիվության պատճառները:
Մեր զրուցակիցը նշեց. «Նայած ում նկատի ունեք, երբ ասում եք «քաղաքական դաշտ»: Ինձ թվում է, որ բոլոր առողջ ուժերն էլ քննադատությամբ են հանդես եկել, որովհետև ակնհայտ է` օրինականությունից զուրկ գործողություններ են տեղի ունեցել: Մնացածի վերաբերյալ կարող եմ ասել` անձամբ ես սպասելիքներ չեմ ունեցել, որ ինչ-որ գործողություն կանեն: Օրինակ՝ չեմ կարծում, որ ՀՀԿ-ն կամ իր արբանյակները պետք է քննադատությամբ հանդես գան, դատապարտեն»:
Հարցին՝ ի՞նչ քայլերի կարող է դիմել օրինակ` «Հայազնը», եթե մինչև ապրիլի 24-ը Սեֆիլյանն ազատ չարձակվի, Արմեն Մկրտչյանը պատասխանեց. «Այդպիսի սահմանափակում դնելու իմաստ չեմ տեսնում: Ինձ համար Ժիրայրն ու մնացած ձերբակալվածները հանդիսանում են սովորական քաղաքացիներ, որոնց իրավունքները ոտնահարվել են: Կարծում եմ` օր դնելու իմաստ չկա, և նրանք րոպե առաջ պետք է ազատ արձակվեն, որովհետև այն հանցակազմը, որն իրենց ներկայացվել էր, փաստացի գոյություն չունի: Դեռ չի ապացուցվել զանգվածային անկարգությունների կազմակերպման կասկածանքը, իսկ մենք կարող ենք բազմաթիվ օրինակներ բերել, երբ քրեական լուրջ գործով՝ սպանության կասկածանքով, ստորագրությամբ բաց է թողնվում օլիգարխի կամ պաշտոնյայի ազգականը: Այս դեպքում անհասկանալի է Սեֆիլյանի և նրա ընկերներին կալանքի տակ պահելու իմաստը: Բայց դրանով հանդերձ՝ հավելեմ, որ ես և մեր կուսակցությունը չենք կիսում «Հիմնադիր խորհրդարանի» գործելաոճը և ռազմավարական լուրջ տարաձայնություններ ունենք նրանց հետ»:
Լևոն Փանոսյան