Բրուցելոզի վարակի կոծկումներ՝ հանուն Մաքսիմ Հակոբյանի. որտեղ է թաղված շան գլուխը
Аналитика«Կոտայքի մարզի Սոլակ գյուղում անասունների շրջանում բրուցելոզի վարակ է տարածվել, որը փոխանցվել է նաև գյուղի բնակիչներից մի քանիսին: Այս տեղեկությունը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում հաստատել է գյուղապետ Բադալ Սարգսյանը:
ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ հայտնել են, որ Սոլակի բնակիչներից մեկը, ում մոտ հաստատվել է բրուցելոգ ախտորոշումը, տեղափոխվել է Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց»,–գրում է թերթը։
Իսկ մենք հավելենք, որ նմանատիպ դեպք, այն էլ մասսայական, տեղի էր ունեցել դեռ մարտ ամսվա սկզբին, երբ բրուցելոզի ախտորոշմամբ 17 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ՀՀ առողջապահության նախարարությունից ահազանգ էր ստացել, համաձայն որի բրուցելոզով վարակված հիվանդեր են գտնվում Սյունիքի մարզի Կապան քաղաքի բժշկական կենտրոնում:
Ահազանգն ստանալուց անմիջապես հետո Ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի անասնաբույժ-տեսուչներն այցելել են բ/կ, զրուցել անձնակազմի հետ և ճշտել, որ բրուցելոզով հիվանդների թիվը 17-ն է: Տեսուչները հիվանդներից պարզել են, որ բոլորն աշխատել են «Գյուղարտ» ՓԲԸ-ին պատկանող սպանդանոցում, որը գտնվում է Կապան քաղաքի վարչական տարածքում և իրականացրել է մանր եղջերավոր կենդանիների մորթ:
Ցավոք, առ այսօր վարակի աղբյուրներն ու պատճառները հայտնի չեն, հայտնի չէ, թե որքան վարակված միս է նախքան այդ դուրս եկել շուկա: Ավելին, արդեն տեղեկություններ են ստացվում այս կամ այն վայրում վարակի տարածման մասին, որը խնամքով թաքցվում է: Թաքցվում է, որովհետև երկրի ողջ անասնաբուժական ծառայությունն իր մանր ու մեծ օղակներով ի զորու չէ պարզել ինչպես նախորդ, այնպես էլ նմանատիպ կրկնվող վարակների պատճառներն ու ամենաթողության պայմաններում մարդկանց վարակվելու դեպքերը:
Ցայտուն օրինակ. սպանդանոցները, որոնք պետք է մշտական վերահսկողության տակ լինեն, ավելին, ստեղծվել են ինքնագլուխ մորթը կանխելու և շուկա վարակված մսի ներկրումը բացառելու համար, իրենք են դառնում համաճարակի և վարակի աղբյուր: Եվ պատկերացնու՞մ եք, անասնաբուժության ոլորտի պատասխանատուները շարունակում են դեռևս ՛՛ուսումնասիրել՛՛ պատճառները, և որևէ մեկը պատասխան չի տալիս այդ անարխիայի և մարդկանց կյանքին ակնհայտորեն վնասող երևույթի համար:
Իսկ ուզու՞մ եք իմանալ չբացահայտման և ձգձգվող ուսումնասիրության իրական պատճառը. ՛՛Գյուղարտ՛՛ ՓԲԸ-ն տարբեր տեղեկություններով պատկանում է հայտնի գործարար Մաքսիմ Հակոբյանին: Այստեղ պետք է փնտրել այս դանդաղկոտության և գործը կոծկելու ակնհայտ ջանքերի պատճառը: Եվ քանի որ սա բացարձակ լկտիություն է ազգաբնակչության հանդեպ՝ համապատասխան պաշտոնյաները՝ գլխավոր անասնաբույժից սկսած նրա վերահսկող ծառայության ղեկավարությունով ավարտած այս ամենաթողության համար պետք է խստագույն պատասխանատվության ենթարկվեն:
Վարուժան Բաբաջանյան