ԱԺ պատգամավորը ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման համար կարևորում է փոխադարձ վստահությունը
ОбществоԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը Հայաստան-Եվորապական Միություն համագործակցության խորացման կարևոր նախապայման է համարում փոխադարձ վստահությունը: «Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում Կորյուն Նահապետյանն ընդգծեց, որ եթե կողմերի միջև չլինի փոխադարձ վստահության մթնոլորտ, այդ դեպքում որևէ լուրջ հաջողություն հնարավոր չի լինի գրանցել: «Նոր իրողությունների պայմաններում, երբ Հայաստանն անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը, մենք պետք է հասկանանք, թե ինչպիսի ն է Եվրոպական Միության դիրքորոշումը, արդյոք եվրոպական կողմում կա՞ն կասկածներ Հայաստանի որդեգրած քաղաքականության վերաբերյալ։ Եթե նման կասկածամտություն կա, մենք չենք ունենա հաջողություն։ Մենք պետք է հաշվի առնենք, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է և, միևնույն ժամանակ, փորձում է զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ»,- ընդգծեց պատգամավ որը:
Նա նշեց, որ շատ բարձր է գնահատում բոլոր այն քայլերը, որոնք իրականացրել է Եվրամիությունը Հայաստանում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման համար: Պատգամավորի խոսքով՝ կան շատ խնդիրներ դատական համակարգում, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Նա հույս հայտնեց, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին առկա խնդիրները լուծելու ուղղությամբ: «Ես ակնկալում եմ Եվրամիության կողմից առավել մեծ ներգրավվածություն Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացին»,- նշեց պատգամավորը:
Կարյուն Նահապետյանը նկատեց, որ Հայաստանը եվրոպական ընտանիքի մաս է կազմում՝ կոչ անելով այստեղ հակադրություն չտեսնել։ Նա նաև հույս հայտնեց, որ Ռիգայի գագաթաժողովից հետո կստեղծվի բարենպաստ միջավայր՝ Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկարներն ավելի ամրապնդելու հարցում։