Հայաստանում պրոբացիոն ծառայությունը կներդրվի 2016 թվականից
ОбществоՀայաստանում պրոբացիոն ծառայությունը ներդրվելու է 2016 թվականից: «Պրոբացիոն ծառայությունը նախատեսվում է ստեղծվել մինչև 2016 թվականը: Առաջին փուլում մենք ավելի քիչ լիազորություններ ենք տալու պրոբացիոն ծառայությանը, սակայն, ես հուսով եմ, որ աշնանը պրոբացիոն ծառայությունն ստեղծելու համար անհրաժեշտ օրենսդրական կարգավորումն երը ընդունելուց հետո, մենք փուլ առ փուլ կընդլայնենք այդ կառույցի լիազորությունները»,- ապրիլի 17-ին պրոբացիոն ծառայության ներդրման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը և հավելեց, որ նախատեսվում է միջին ծանրության հանցանք կատարած անձանց երկու երրորդին ներգրավել իբրև պրոբացիոն ծառայության շահառուների:
Նա նկատեց, որ պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագիրը նախատեսվում է գործարկել ընթացիկ տարվա մայիսից: «Մենք նախատեսում ենք պիլոտային ծրագրեր ներդնել Երևանում և Վանաձորում (հնարավոր է՝ երկուսն էլ Երևանում): Բացի այդ, ՀՀ կառավարության առաջիկա նիստին մենք կքննարկենք պրոբացիայի ծառայության մասին հայեցակարգի նախագիծը, և հուսով եմ, որ այն հավանության կարժանանա (ՀՀ կառավարության նախորդ նիստի օրակարգից այն հանվել էր` լրացուցիչ քննարկումներ իրականացնելու պատճառաբանությամբ)», -շեշտեց Քրմոյանը և հավելեց, որ պրոբացիոն ծառայության ներդնելու համար անհրաժեշտ է մոտ 240 միլիոն ՀՀ դրամ:
2014 թվականին մշակվել և սահմանված կարգով շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին» հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Պրոբացիոն ծառայության ներդրմամբ նախատեսվում է ավելացնել այլընտրանքային պատժատեսակները և շատ դեպքերում խուսափել ազատազրկումը որպես պատժատեսակ կիրառելուց: Գնվելու են համապատասխան էլեկտրոնային հսկողության շղթաներ: