Երեւանում աշխարհի 600 պատվիրակներ կքննարկեն ցեղասպանությունների կանխարգելման ու կրկնությունը բացառելու հարցը
ИнтервьюՑեղասպանությունների կանխարգելման ուղիներն ու դրանց կրկնությունը բացառող երաշխիքները Երևանում կորոնեն ավելի քան 600 խորհրդարականներ, դիվանագետներ, ցեղասպանագետներ երկօրյա գլոբալ ֆորումի շրջանակներում: Ապրիլի 22-23-ին անցկացվելիք միջազգային համաժողովի բացմանը կմասնակցի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին ապրիլի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը:
«Գլոբալ ֆորումի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկի իրականացմանը` քննարկման առարկա դարձնելով ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզների զարգացումը` իսպառ բացառելու 1915-ին և դրան հաջորդած տարիներին նմանօրինակ այլ զահուրելի հանցագործությունների կրկնությունը»,- ասաց ԱԳ փոխնախարարը:
Նրա խոսքով` ֆորումին կմասնակցեն ու ելույթներով հանդես կգան ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ՀՀ վարչպետը, արտաքին գործերի նախարարը, կառավարության անդամներ, պատգամավորներ: «Ակնկալում ենք, որ ֆորումին կմասնակցեն բարձրաստիճան դիվանագետներ, օտարերկրա խորհրդարանականներ, միջազգային իրավունքի հանրահայտ մասնագետներ, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, հեղիանակավոր լրատվամիջոցների, վերլուծական կենտրոնների, ցեղասպանագիտության կենտրոնների պատվիրկներ ու փորձագետներ»,-նշեց Կարեն Նազարյանը:Պաշտոնյայի տեղեկացմամբ` երկօրյա ֆորումը կիրականացվի ինտերակտիվ քննարկումների և մեկ լիագումար նիստի միջոցով: Կքննարկվի միջազգային իրավունքում մարդկության հանդեպ ոճրագործությունների կանխարգելման միջոցների զարգացման հարցը, որի նպատակն է վեր հանել մարդկության դեմ հանցագործության հայեցակարգի ձևավորման պատմական զարգացումն ու դրա հետագա ընդլայնման հնարավորությունը:
«Կներկայացվի տարբեր ժամանակներում ու վայրերում գործադրված զանգվածային բռնարարքների համեմատական վերլուծությունը, անդրադարձ կկատարվի այն հարցին, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ցեղասպանությունների ժխտողականությունը միջազգային անվտանգության և մարդու իրավունքների համակարգի վրա: Երկրորդ նիստը կվերաբերի ցեղասպանության հետևանքների վերացման ու պատասխանատվության խնդիրներին»,-հայտնեց Կարեն Նազարյանը:
ԱԳ փոխնախարարի հավաստմամբ` ֆորումի ձևաչափը թույլ կտա մասնակիցներին հանդես գալ մեկնաբանություններով, ելույթներով, բանավեճի բռնվել հիմնական զեկուցողների հետ:
«Երկրորդ օրը կկայանա լիագումար նիստ, որի ժամանակ ակնկալում ենք, որ հանդես կգան խորհրդարանականներ կամ խորհրդարանական պատվիրակություններ, որոնք որոշակի բանաձևերով, հայտարարություններով արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այս լիագումար նիստի նպատակն է իրազեկել այն էական ներդրման մասին, որ խորհրդարանականները կարող են ունենալ ցեղասպանության հանցագործությունների կանխարգելման ու աշխարհում խաղաղության հաստատման գործում»,-ասաց Կարեն Նազարյանը:
Ֆորումի շրջանակում տեղի են ունենալու մասնագիտական քննարկումներ: Դրանցից մեկը հոգևորականների ֆորումն է`«Եկեղեցիներն ընդդեմ ցեղասպանության հանցագործության. մարդկային կյանքը` Աստծո պարգև» թեմայով, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության և ԵՊՀ համագործակցությամբ` իրավաբանների ֆորումը:
Կգործեն նաև ցուցահանդեսներ`առաջինը` ցեղասպանության թեմայով գրքերի ցուցադրությունն է, որտեղ մոտ 2000 անուն գիրք կցուցադրվի, որը կնախորդի սեպտեմբերին նախատեսվող Bookexpo-ին:
Երկրորդը` լուսանկարչական ցուցահանդեսն է, որում ներկայացված են լինելու ներկայիս լուսանկարիչների գործերը, ովքեր այսօր էլ աշխատում են աշխարհի ամենավտանգավոր կետերում: