Երևանը պատրաստ է Ցեղասպանության տարելիցին հավուր պատշաճի ներկայանալ որպես հայության մայրաքաղաք
ОбществоԵրևանն ապրիլի 24-ին ընդառաջ պատրաստ է հավուր պատշաճի ներկայանալ որպես համայն հայության մայրաքաղաք: Ապրիլի 21-ին Երևանի քաղաքապետարանում անցկացված ասուլիսի ժամանակ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նշեց, որ քաղաքապետարանը նախապես ձևավորել էր տարելիցին նվիրված միջոցառումները կազմակերպող հանձնաժողով, և արդեն ցուցահանդես է կազմակերպվել, բացվել է խաչքարերի պուրակ: «Բազմաթիվմիջոցառումներ ընթացքի մեջ են: Բավականին ծավալուն պատվիրակութուններ են գալու Հայաստան: Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվում նաև դպրոցներում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արամ Սուքիասյանը:
Նրա խոսքով՝ ապրիլի 24-ին արարողակարգային միջոցառումից հետո տեղի կունենան մշակութային միջոցառումներ. կենդանի կատարումներով հանդես կգան լավագույն համույթները, արտիստները, կհնչեն նաև նոր ստեղծագործություններ: «Ապրիլի 24-ին` ժամը 20:15-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Վերածնունդ» խորագրով միջոցառում, և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարևանությամբ էկրաններին զուգահեռ ցուցադրություն կլինի: Հայաստան են եկել տարբեր երկրներից, համերգը բաղկացած է չորս մասից՝ Երախտագիտություն, Հիշողություն, Միջազգային պայքար և Վերածնունդ»,-նշեց նա:Արամ Սուքիասյանի խոսքով՝ մայրաքաղաքում բարեկարգման, կանաչապատման աշխատանքներ են իրականացվում, իսկ Ծիծեռնակաբերդի ճեմուղում նստարաններ են տեղադրվել, ճանապարհը վերականգնված է:
Նա հավելեց նաև, որ բացօթյա առևտուրը կանոնակարգված կլինի: Հալաբյան փողոցի ստորգետնյա տարածքում և Բարեկամություն- Օրբելի հատվածներում կթույլատրվի ծաղիկների վաճառք:«Ապրիլի 24-ին` ժամը 13:00-ին, Բրազիլիայի հրապարակից կմեկնարկի ավտոբուսների երթուղի դեպի Ծիծեռնակաբերդ. ավտոբուսները կգործեն մինչև գիշերվա 1-ը»,-հավելեց նա:Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ ապրիլի 23-ի և 24-ի համերգների առթիվ Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև գիշերվա մեկը, որպեսզի հանրությունը հնարավորություն կունենա մասնակցել միջոցառումներին: «Բնականոն հունով կաշխատեն այն երթուղիները, որոնք կենտրոնով չեն անցնում, անշուշտ փոփոխություններ կրելու են որոշ տրանսպորտային երթուղիներ:
Հիմնականում ծանրաբեռնված կլինի Խանջյան փողոցը»,-նշեց նա:Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում` Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: