Ցեղասպանագետների հանրությունը կշարունակի պայքարել ընդդեմ ժխտողականության. Դանիել Ֆեյերստեյն
Общество«Այն, ինչ թուրքերը գործեցին հայերի նկատմամբ Օսմանյան կայսրության վերջին տարիներին, ցեղասպանություն էր և չի կարող որևէ կերպ կասկածի տակ դրվել», ասում է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Դանիել Ֆեյերստեյնը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ապրիլի 22-ին Երևանում մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ Ֆեյերստեյնը նշեց, որ հենց այդ ցեղասպանությունների ժխտումը հիմք հանդիսացավ Ցեղասպանագետների միջազգային
ասոցիացիայի ստեղծման համար: Այսօր ասոցիացիան ոչ միայն ուսումնասիրում և տարբեր տեսանկյուններից ներկայացնում է ցեղասպանությունները, այլև տարբեր ուղիներով պայքարում ժխտողականության դեմ:
«Այսօր ցանկանում եմ վերահաստատել, որ ցեղասպանագետների հանրությունը պատրաստ է պայքարել ընդդեմ ժխտողականության և պայքարել հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչման համար»,- հայտարարեց Դանիել Ֆեյերստեյնը:
Շարունակելով ներկայացնել ցեղասպանություն եզրույթի վերաբերյալ տարատեսակ մեկնաբանությունները՝ ցեղասպանագետն ասաց, որ կատարված հանցագործություններն ունեին մեկ նպատակ' ուժի միջոցով վերափոխել հասարակությունը: «Պանթուրքիզմը, նացիզմը
առաջնորդվում էին հասարակությունների վերափոխման սկզբունքով: Նույն գաղափարախոսությունն էր նաև Կամբոջայում, Ռուանդայում, Լատինական Ամերիկայում: Պանթուրքիզմի նպատակն էր հասնել հասարակության միատարրացմանը, վերափոխել Օսմանյան կայսրությունը այդ խմբերին վերափոխելու միջոցով»,- ասաց նա: