Թե ինչու է Գերմանիան կամուկացի մեջ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում
ПолитикаՕրերս Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր` 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցածը կարելի է որակել որպես ցեղասպանություն:
Գերմանիայի` Թուրքիայի հետ սերտ հարաբերություններ ունեցող երկրի, կողմից նման հայտարարություն լսելն արդեն իսկ առաջընթաց է, որի վերաբերյալ Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյան հետ, ով նշեց. «Գերմանիան եվրոպական ամենահզոր երկրներից մեկն է եւ նա իր սխալները կարողանում է ընդունել. նկատի ունեմ Հոլոքոստը: Ինչ վերաբերում է մեր հարցին` կապված թուրքերի հետ, ապա ասեմ որ, իհարկե, կան վերապահումներ, որովհետեւ դիվանագիտությունը երբեք սեւ ու սպիտակ չէ: Բոլոր երկրների դիվանագետներն ու քաղաքական գործիչներն իրենց եւ իրենց երկրի շահն են պաշտպանում նման հարցերում, եւ այս ամենից մենք չպետք է ո’չ վիրավորվենք, ո’չ զարմանանք: Ընդհակառակը` մենք պետք է դիվանագիտական մեր բոլոր խողովակները աշխատեցնենք ու պայքարենք, որ ոչ թե մեր լացն ու սուգը լսեն, այլ մեր պահանջները: Աշխարհը պետք է հասկանա, որ մենք վայրագությունն ու հանցագործությունն ենք դատապարտում:
Մենք տեսանք, որ Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց, իսկ Գերմանիան Եվրոպայի ամենաազդեցիկ երկրներից է: Իհարկե, ամեն առումով էլ իրենք շատ լավ են հասկանում Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության հարցերն ու ազատ մամուլ եւ խոսք կոչվածն ինչ աստիճանի վրա են, սակայն այս ամենի հետ մեկտեղ նրանք քաջ գիտակցում են, որ Հայոց ցեղասպանությունը ժխտել եւս չեն կարող, քանի որ դա հետընթաց է: Այս հարցի հետ կապված վերապահումը կայանում է նրանում, որ այդ երկու երկրները կապող շահեր կան, եւ հենց դա է հավանաբար պատճառը, որ դիվանագետներն ամբողջովին չեն կարողանում հստակ քայլերի գնալ»:
Կարինե Աճեմյանը, կարեւորելով Գերմանիայի արտգործնախարարի խոսքը, նշեց. «Գերմանիայի արտգործնախարարի կարծքիը շատ ծանրակշիռ է: Վերջին ժամանակներս մենք շատ քաղաքական գործիչներից լսեցինք նմանատիպ հայտարարություններ, եւ փոփոխությունների ակնկալիքները մեծ են»:
Անդրադառնալով Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ եղած սերտ հարաբերություններին՝ պատգամավորը նկատեց. «Գերմանիայում թուրք ժողովրդի հետ կապվածությունը շատ մեծ է. այդ ամենը պայմանավորված է նրանով, որ վերջին տասնամյակներում շատ թուրքեր պարզապես տեղափոխվել են ապրելու Գերմանիայում, հետեւաբար Գերմանիան այս հարցին միակողմանի չի կարող մոտենալ: Տվյալ պետությունը Թուրքիայի հետ հարաբերություններում շատ զգույշ է: Հենց այս ամենն է պատճառ հանդիսանում, որ մինչ օրս Գերմանիան հստակ եւ բացահայտ հայտարարություն չի անում, ինչպես անում է օրինակ` Ֆրանսիան»:
Սոսե Չանդոյան