Արդարադատության նախարարությունում 2015-ի առաջին եռամսյակում ընդունել են 63 քաղաքացու
ОбществоՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում յուրաքանչյուր երկուշաբթի քաղաքացիների ընդունելության օր է: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, քաղաքացիների ընդունելությունն իրականացնող ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանը 2015 թվականի առաջին եռամսյակում ընդունել է 63 քաղաքացու: Նրանց դիմումներն ու հարցումները վերաբերել են թե՛ ՀՀ արդարադատությ ան նախարարության կառուցվածքային, թե՛ առանձնացված ստորաբաժանումների գործառույթներին: Դիմողների մեջ եղել են նաև աշխատանքի ընդունվել ցանկացողներ, որոշ դեպքերում էլ մարդիկ դիմել են օրենքների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու խնդրանքով:
Ընդունելության հրավիրված քաղաքացիների մի մասի խնդիրները տեղում լուծում են ստացել, որոշ դիմումների մասով ընթացք տալու հանձնարարականներ են տրվել: Եղել են նաև դիմումներ, որոնք դուրս էին նախարարության գործառույթներից. դրանց վերաբերյալ տրվել են ուղղորդող պատասխաններ:
Քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացիները, շփոթելով դատական իշխանության և Արդարադատության նախարարության գործառույթները, դատական ակտի հետ չհամաձայնելով, իրենց դիմումները հղել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` խնդրելով իրենց աջակցել դատարանում ներկայացրած պահանջների վերաբերյալ արդար դատական ակտ կայացնելու հարցերով։ Ընդունելության ժամանակ քաղաքացիները տեղեկացվել են, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը նման հարցերին միջամտելու իրավասությամբ օժտված չէ:
Արդարադատության նախարարությունում քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է յուրաքանչյուր երկուշաբթի՝ ժամը 16:00-ից սկսած : Ընդունելության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն 010 38 02 23 հեռախոսահամարով: