Մեծ Բրիտանիան միաժամանակ և ճանաչում, և ժխտում է Հայոց ցեղասպանությունը. Հայ Դատի ներկայացուցիչ
ОбществоՄեծ Բրիտանիայում Հայոց ցեղասպանության թեմայի արծարծմանն ու ճանաչմանը հասնելու քայլերը վերջին 3-4 տարում առաջընթաց են ապրել: Այս մասին հայտնեց Միացյալ Թագավարության Հայ դատի հանձնախմբի ղեկավար Սևան Արթինը: «Եթե առաջ նրանք համաձայն չէին մեզ հետ սեղան նստել, այսօր պատրաստ են խորհրդակցության նստել մեզ հետ: Անգլիայի պարագայում յուրահատուկն այն է, որ պատմականորեն մոտ են Թուրքիայի հետ, բացի այդ` հայությունն այստեղ, այլ գաղութների համեմատ, ավելի քիչ է: Սակայն մենք այլ ձև ենք գտել. մարդու իրավունքների առաջատար մասնագետ Ջեֆրի Ռոբերտսոնն իր իրավաբանական մոտեցումով գիրք է պատրաստել Հայոց ցեղասպանության և Անգլիայի դիրքորոշման վերաբերյալ»,-ասաց Սևան Արթինը:
Տեղեկատվության ազատության օրենքի հիման վրա Ջեֆրի Ռոբերտսոնը դիմել ու ստացել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության փաստաթղթերից մեկը`ուղղված խորհրդարանի անդամներին: «Դրանում գրված էր. «Մենք գիտենք, որ սխալ դիրքորոշում ունենք, բայց քանի որ նաև տնտեսական ու աշխարհաքաղաքական դրդապատճառներ ունենք, չենք կարող մեր դիրքորոշումը փոխել»: Ինձ համար ինքնին այդ տեքստը ցեղասպանության ճանաչում է ու ժխտում միաժամանակ: Սա շատ տիպիկ անգլիական քաղաքականություն է»,-փաստեց Հայ դատի ներկայացուցիչը:
Ինչ վերաբերում է Շոտլանդիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը, Սևան Արթինը նշեց, որ աշխատանք տարվում է, բայց դեռ հստակ նորություններ չկան: «Մայիսի 7-ին կկայանան Միացյալ Թագավորության 56-րդ խորհրդարանի ընտրությունները, որն ինչ-որ չափով խոչընդոտում է, որ գործընթացն արագանա: Նրանք չգիտեն ընտրվելու են, թե ոչ, դրա համար այս ընթացքում քաղաքական աշխատանքները դադարեցվել են»,-ասաց Սևան Արթինը: Նա հայտնեց, որ բանաձևում հստակ նշվում է «ցեղասպանություն» բառը, ինչը նշանակում է` և ցեղաս պանության դատապարտում, և պահանջատիրության հարց: