Արդարադատության նախարարությունում 2015-ի առաջին եռամսյակում ընդունել են 63 քաղաքացու
ОбществоՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում յուրաքանչյուր երկուշաբթի քաղաքացիների ընդունելության օր է: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, քաղաքացիների ընդունելությունն իրականացնող ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանը 2015 թվականի առաջին եռամսյակում ընդունել է 63 քաղաքացու: Նրանց դիմումներն ու հարցումները վերաբերել են թե՛ ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային, թե՛ առանձնացված ստորաբաժանումների գործառույթներին: Դիմողների մեջ եղել են նաև աշխատանքի ընդունվել ցանկացողներ, որոշ դեպքերում էլ մարդիկ դիմել են օրենքների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու խնդրանքով:
Ընդունելության հրավիրված քաղաքացիների մի մասի խնդիրները տեղում լուծում են ստացել, որոշ դիմումների մասով ընթացք տալու հանձնարարականներ են տրվել: Եղել են նաև դիմումներ, որոնք դուրս էին նախարարության գործառույթներից. դրանց վերաբերյալ տրվել են ուղղորդող պատասխաններ:
Քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացիները, շփոթելով դատական իշխանության և Արդարադատության նախարարության գործառույթները, դատական ակտի հետ չհամաձայնելով, իրենց դիմումները հղել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը' խնդրելով իրենց աջակցել դատարանում ներկայացրած պահանջների վերաբերյալ արդար դատական ակտ կայացնելու հարցերով։ Ընդունելության ժամանակ քաղաքացիները տեղեկացվել են, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը նման հարցերին միջամտելու իրավասությամբ օժտված չէ:
Արդարադատության նախարարությունում քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է յուրաքանչյուր երկուշաբթի՝ ժամը 16:00-ից սկսած: Ընդունելության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն 010 38 02 23 հեռախոսահամարով: