Դամասկոսի հրապարակներից մեկն անվանվել է «Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների» հրապարակ
ОбществоՀայոց Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին Դամասկոսի քաղաքապետարանը որոշում է կայացրել մայրաքաղաքի հրապարակներից մեկն անվանել «Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների» հրապարակ: Դամասկոսահայ Նազարեթ Էլմաջյանն տեղեկացրեց, որ հրապարակը գտնվում է Հին Դամասկոսում՝ քրիստոնեական Բաբ Թումա թաղամասում, հայ առաքելական Սբ Սարգիս եկեղեցու մերձակայքում:
Համացանցում տարածվել է հրապարակի անվան ցուցանակը, որի կողքին փակցված մեկ այլ ցուցանակի վրա նշվել է, որ Հայոց ցեղասպանությունը ժամանակակից պատմության առաջին ցեղասպանությունն է՝ իրագործված թուրքերի կողմից առաջին աշխարհամարտի ընթացքում և հետո, որի զոհերի թիվը գերազանցում է 1.5 միլիոնը: Այսօր նախատեսվում է դամասկոսահայերի մասնակցությամբ մոմերով լուռ ցույց Բաբ Թումայից մինչև Բաբ Շարկի թաղամաս:
Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը տեղեկացրել էր, որ, համայնքային միջոցառումներից զատ, աշխատանքներ են տարվում պետական մակարդակով հարցը բարձրացնելու ու ճանաչման հասնելու ուղղությամբ: Դամասկոսի հայոց թեմի առաջնորդը նշել էր, որ արդեն առկա է Սիրիայի մայրաքաղաքի քաղաքապետարանի թույլտվությունը, որպեսզի հայոց առաջնորդարանի կողքը գտնվող հրապարակն անվանակոչվի Սրբոց նահատակաց հրապարակ: «Ապրիլի 26-ին, երբ նահատակների սրբադասումով զին ված պետք է վերադառնանք Դամասկոս, պետք է կատարվի այդ հրապարակի անվանման հռչակումը, ինչպես նաև տեղադրվելիք հուշաքարի հիմնարկեքի արարողությունը»,-նշել էր Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: