Մայր Աթոռում հանդիպել են Արևելյան Ուղղափառ եկեղեցիների պետերը
ОбществоՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 23-ին տեղիէ ունեցել Արևելյան Ուղղափառ եկեղեցիների Հովվապետերի` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, Ալեքսանդրիայի Պապ և Համայն Աֆրիկայի Պատրիարք Նորին Սրբություն Թավադրոս Բ-ի, Ասորի Ուղղափառ եկեղեցու և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Եփրեմ Բ-ի և Մալանկարա Ուղղափառ եկեղեցու պետ և Մալանկարայի Մետրոպոլիտ Նորին Սրբություն Բասելիոս Մար Թոմա Պաուլոս Բ-ի հանդիպումը:
Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, զրույցի ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ուրախություն է հայտնել Արևելյան Ուղղափառ եկեղեցիների հոգևոր պետերի այս հանդիպման կապակցությամբ` ընդգծելով, որ 1965թ. Ադիս Աբեբայի հանդիպումից հետո նման հնարավորություն չի ընձեռվել: Նորին Սրբությունը նաև իր շնորհակալական խոսքն է ուղղել վերջիններիս Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության առիթով Հայաստան ժամանելու առիթով:
Իր հերթին Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, ողջունելով Քույր եկեղեցիների առաջնորդներին, ներկայացրել է սրբադասման արարողության կարևոր նշանակությունը:
Հանդիպման ընթացքում հովվապետերը քննարկել են Արևելյան Ուղղափառ Քույր եկեղեցիների ընտանիքին հուզող խնդիրները, անդրադարձ են կատարել, մասնավորապես, եկեղեցիների հավատացյալների առջև ծառացած մարտահրավերներին: Կարևորվել է այն, որ վերականգնվի Արևելյան Ուղղափառ եկեղեցիների պետերի պարբերական հանդիպումների ավանդությունը, ինչը կարևոր խթան կլինի համագործակցության զորացման համար:
Ղպտի, Ասորի և Մալանկարա եկեղեցիների առաջնորդները ևս գոհունակություն են հայտնել Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը ներկա գտնվելու կապակցությամբ և իրենց հերթին վերահաստատել են Քույր եկեղեցիների հովվապետերի հանդիպումների կարևորությունը: