Գավառ քաղաքում 100 ծառ տնկվեց, զանգի 100 ղողանջ հնչեց, 100 մոմ վառվեց՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
ОбществоՑեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 23-ին Գավառ քաղաքում իրականացվեց «100 ծառ, 100 կյանք» խորագիրը կրող ծառատունկ-ակցիան:
Ինչպես տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, քաղաքի Սայադյան փողոցում գտնվող տարածքում, տնկվեցին սոճի տեսակի եւ արծաթափայլ բարդիների 100 տնկիներ, որոնք խորհրդանշում են ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Ծառատունկին մասնակցեցին Գավառի քաղաքապետարանի եւ ենթակա կառուցների աշխատակիցները: Ծառերի հետագա խնամքն ու պահպանությունը նույպես իրականացվելու է Գավառի քաղաքապետարանի կողմից:
Նույն օրը,ժամը 19:15-ին, որը խորհրդանշում է 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնը, Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում հնչեցին զանգերի 100 ղողանջ: Ապա Գավառի Ցեղասպանության զոհերի հիշատակն հավերժացնող հուշաքարի մոտ տեղի ունեցավ մոմավառության արարողություն: Չնայած տեղացող անձրեւին` քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթամշակութային հաստատություններում սովորող 100 սան 100 մոմ վառեցին՝ ի հիշատակ Հայոց Մեծ եղեռնի անմեղ նահատակների:
Խոսրով Խլղաթյան