Ժամանակն է եկել, որ մենք էլ օգտագործենք մեզ օգտագործողներին. Հարություն Մեսրոբյան
ИнтервьюԿառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կազմակերպչական աշխատանքների մասին զրուցելով Orer.am-ի հետ, արեց մի քանի կարևոր շեշտադրում:
Ըստ նրա՝ պետք էր պատրաստվել շատ ավելի շուտ. առնվազն 2010 թվականից պիտի ծրագրավորվեր միջոցառումների շարքը, արվեին քարոզչական լուրջ գործողություններ՝ քաղաքական և այլ ասպարեզներում:
«Հստակ պետք էր պատրաստ լինել 2015 թվականի ապրիլի 25-ին և դրան հաջորդող ժամանակահատվածին, որովհետև 2015-ի ապրիլի 23-ը և ապրիլի 25-ը որակապես տարբեր ժամանակներ են՝ ըստ ձևի և բովանդակության, իսկ ապրիի 24-ը հանգուցային կետ է, որը կապում է այդ երկու որակապես տարբեր ժամանակները և նախապատրաստում ապրիլի 25-ից սկսվող ժամանակաշրջանին: Կառավարման մեջ դա կոչվում է բիֆուրկացիոն կետ: Բիֆուրկացիոն կետը ցույց է տալիս գործընթացի հանգուցալուծումը ժամանակի մեջ, իսկ հարյուրամյակի օրը հանդիսանում է հանգուցային կետ:
Այն փաստը, որ հարյուրամյա տարելիցի հետ կապված ակտիվությունը սկսվեց մի քանի ամիս առաջ, խոսում է հստակ ծրագրի բացակայության մասին: Լրջությունն ու խորը պատրաստվածությունը կերևար, եթե դա շատ ավելի շուտ սկսվեր»,- նշում է պարոն Մեսրոբյանը:
Մեսրոբյանը նաև ընդգծեց, որ մեր դժբախտությունների մեջ մենք ենք մեղավոր, իսկ եթե ուզում ենք հաջողություն ունենալ՝ մեզ պետք է ապավինենք: Նա առաջարկում է դուրս մղել արևմտամետ, ռուսամետ և նման տիպի հասկացությունները:
Անդրադառնալով վերջին շաբաթներին Ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված դրական տեղաշարժերին և համաշխարհային խոշոր գործիչների ելույթներին՝ Հարություն Մեսրոբյանն ասաց. «Բոլորը այս կամ այն ձևով օգտագործում են մեր դժբախտությունն իրենց շահերի համար: Այդ երևույթը ես համարում են բնական և չեմ ուզում աշխարհին մեղադրել: Բայց ժամանակն է եկել՝ մենք էլ բոլորին օգտագործենք, այդ թվում՝ օգտագործենք նրանց հենց այն շահերը, որոնք բերում են Ցեղասպանության ճանաչմանը: Մի խոսքով՝ մենք էլ օգտագործենք մեզ օգտագործողներին: Եթե լինի ցանկություն՝ մենք կկարողանաք դա անել»:
Զրույցը՝ Լևոն Փանոսյանի