Օլանդը Երևանում բարձրաձայնեց Մերձավոր Արևելքի քրիստոնյաների, նաև սիրիահայության խնդիրը
ОбществоՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում բարձրաձայնեց Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում ոճրագործությունների զոհ գնացող քրիստոնյաների, նաև սիրիահայության խնդիրը: «Այս պահին Մերձավոր Արևելքում զանգվածային և համակարգված ոչնչացում է տեղի ունենում:
Մահմեդականները, սիրիահայերը, բոլոր փոքրամասնությունները ևս զոհ են այդ բռնություններին: Ահաբեկիչների բարբարոսությունը մեծ հարված է հասցնում նաև մշակութային ժառանգությանը, քանի որ ահաբեկիչները ջանում են սպանել ոչ միայն ներկան, այլև անցյալը: Վտանգը մշտապես փոքրամասնության վերացումն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ֆրանսուա Օլանդը:
Նրա խոսքով` ամեն անգամ քրիստոնյաները սպանվում են, որովհետև քրիստոնյա են, հրեաները սպանվում են, քանի որ հրեա են, մահմեդականները սպանվում են, որովհետև մահմեդական են, ինչին Ֆրանսիան միշտ հակազդում է:
«Շատ կարևոր է այսօր լինել Երևանում` կոչ անելու` պաշտպանել բոլոր փոքրամասնություններին և հատկապես Արևելքի քրիստոնյաներին, ովքեր Մերձավոր Արևելքի հարստությունն են: Մենք պարտավոր ենք ցուցաբերել մեր համերաշխությունը, աջակցությունը, կերտելու մեր համատեղ ապագան»,- ասաց Ֆրանսիայի նախագահը` ավելացնելով, որ իր երկիրը դասեր չի տալիս, բայց գիտե ինչ է պատմության պարտավորությունը: