Հայկական հարցում Իսրայելի դիրքորոշումը քարացած չէ. Le Figaro
ОбществоՖրանսիական Le Figaro-ն լայնածավալ հոդված է հրապարակել Իսրայելի կողմից Հայոց ցեղսպանությունը ճանաչելու հարցի վերաբերյալ և նշել, որ հրեական պետությունը երկընտրանքի առջև է: Ֆրանսիական հեղինակավոր թերթն ընդգծում է, որ Իսրայելը երկար ժամանակ է, ինչ հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և նշում, որ այդ երկիրը չպետք է բացակայեր Երևանում տեղի ունեցող հարյուրերորդ տարելիցի միջոցառումներից: « Հասարակական կարծիքի ճնշման արդյունքում Իսրայելը Երևան գործուղեց խորհրդարանական պատվիրակություն:
«Սա արտացոլում է մեր համակրանքն ու համերաշխությունը հայ ժողովրդի նկատմամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսրայելի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էմանուել Ամինադաբիի խոսքերն է մեջբերել ֆրանսիական թերթը:
Ամինադաբին ընդգծել է նաև, որ կարևոր չէ Իսրայելի դիրքորոշումը: «Մենք հիշելում ենք այդ ողբերգությունը»,- ըստ ֆրանսիական թերթի` ավելացրել է Իսրայելի ԱԳՆ խոսնակը:Միաժամանակ, Le Figaro-ն ընդգծել է, որ մինչ Երևան ժամանելը, Իսրայելի խորհրդարանի պատգամավորներ Նահման Շաիին`Սիոնիստական միությունից, և «Լիքուդ»-ից Անաթ Բերկոյին իսրայելական դիվանագետները խնդրել են զգուշորեն արտահայտվել հայկական հարցի շուրջ, որպեսզի որևէ կերպ չվիրավորեն Թուրքիային և Ադրբեջանին:
«Սակայն այս պատգամավորների մասնակցությունը ոգեկոչման միջոցառումներին նշանակում է, որ Իսրայելի դիրքորոշումը քարացած չէ: Շաին ընդգծել է, որ Իսրայելը պետք է հասկանա և գիտակցի, որ տեղի է ունեցել ցեղասպանություն»,- գրել է Le Figaro-ն և ավելացրել, որ Շաին անձամբ խոսել է Հայկական հոլոքոստի մասին:
«Որպես հրեա` մենք պատասխանատվություն ենք կրում այդ քայլն իրականացնելու հարցում: Մեր մասնակցությունը հարյուրերորդ տարելիցի միջոցառումներին արտացոլում է Քնեսեթի հանձնառությունը` պարբերաբար ոգեկոչելու հայ զոհերի հիշատակը և վերանայելու այս հարցը»,- գրել է ֆրանսիական թերթը` մեջբերելով Քնեսետի պատգամավոր Շաիի խոսքը: