Լոս Անջելեսում 130,000 մարդ է մասնակցել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Արդարության երթին»
ОбществоԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում աննախադեպ իրադարձությամբ ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայեր զանգվածային բնաջնջումից 100 տարի անց նրանց հարյուր հազարավոր ժառանգներն ապրիլի 24-ին դուրս էին եկել Լոս Անջելեսի փողոցներ ճանաչում և հատուցում պահանջելով իրենց նախնիների թափված արյան համար:
«Արմենպրես »-ի փոխանցմամբ՝ ավելի քան 130,000 մարդ 10 կմ երկարությամբ «Արդարության քայլերթի» էին դուրս եկել՝ Հոլիվուդի Փոքր Հայաստանի շրջանից քայլելով մինչև Թուրքիայի հյուպատոսարան: Ցուցարարները կրել են «Ես ցեղասպանության վերապրածի ժառանգ եմ: 1915, այլևս երբեք» կարգախոսով ցուցապաստառներ, ցեղասպանության զոհերի դիմանկարները, բարձր և հպարտ ծածանել հայկական եռագույնը, ինչպես նաև այն պետությունների դրոշները, որոնք քաջություն են ունեցել ճանաչելու և դատապարտելու Հայոց ցեղասպանության իրակ անությունը:«Մենք ունենք մեր մշակույթը, լեզուն, կրոնը և այն ամենը, ինչ շրջապատում է մեզ, սակայն դեռ բաց է խորը վերքը, որ ընտանիքներ են կոտորվել և մարդասպանը դեռ չի ընդունում իր հանցանքը»,- Glendale News-Press պարբերականի հետ զրույցում նշել է ցույցի մասնակիցներից Անդրեա Մարությանը Սան Դիեգոյից, ում հայ ընտանիքը և հարազատները նունպես սպանվել են ցեղասպանության ժամանակ:
Ցեղասպանության ժառանգներից բացի, նախադեպը չունեցող քայլերթին մասնակցել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, այլ ազգերի համայնքների առաջնորդներ, ԱՄՆ Կոնգրեսի անդամներ, Կալիֆորնիայի խորհրդի ներկայացուցիչներ, քաղաքապետեր, հայկական դպրոցների աշակերտներն ու նրանց ծնողները, 100-րդ տարելիցի հանձնախմբի 19 կազմակերպությունների, ավանդական երեք կուսակցությունների, 62 հայրենակցական միությունների ներկայացուցիչներ:
Քայլարշավի մասնակցիները երթի ընթացքում կանգ են առել և ելույթ ունեցել CNN-ի շենքի դիմաց:Նախաձեռնությունը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ԱՄՆ Արևմտյան ափի հանձնաժողովը: Այս տարի որոշվել է մեկտեղել երկու ամենամյա ակցիաներ` Հոլիվուդի Փոքր Հայաստանի շրջանից ամեն տարի մեկնարկող քայլարշավը և Հայ հեղափոխական դաշնակցության ամենամյա բողոքի ցույցը` Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց: