Լեզուն պարզապես հնչյունաբանություն չէ, այլ՝ աշխարհընկալման համակարգ. Տիգրան Մանսուրյան
КультураԱմեն մի լեզու աշխարհընկալման համակարգ է, իսկ երաժշտությունը՝ հիմնավոր և ակադեմիական երևույթ: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ապրիլի 25-ին անցկացվող Երաժշտական համաժողովի ընթացքում այս մասին նշեց անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
«Մենք մեր զգացումներն արտահայտել ենք հայերեն, արտահայտել ենք այնպիսի երաժշտական մտածողությամբ, որը համապատասխանում է հայերենին: Ամեն լեզու ոչ միայն հնչյունաբանություն է, այլև աշխարհընկալման համակարգ: Թումանյանի Գիքորը հարցնում՝ «Ինչպե՞ս է Ծաղիկ կովը»: Ամեն հայի համար սա Թումանյանի Գիքորի Ծաղիկ կովն է, անթարգմանելի՞, թե՞ թարգմանելի, բայց մեծապես հարազատ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Տիգրան Մանսուրյանը:
Կոմպոզիտորը փաստում է՝ մենք հարյուր տարուց ավելի թևակոխել ենք կոմպոզիտորական մտածողության շրջան, մտել ենք մի սահման, որը ճանաչում է կոմպոզիտորությունը: «Ինչպե՞ս լինել կոմպոզիտոր և հայ, չկորցնել դեմքը: Այ սրա չափանիշը նույնպես տվել է Կոմիտասը. Կոմիտասին հետևելը ճիշտ է»,-նշեց Մանսուրյանը:Նա նաև փաստեց, որ աշխարհահռչակ Շառլ Ազնավուրն իր հետ զրույցներից մեկում հայերի մասին խոսելիս նշեց, որ երբ հայերը հանդիպում են իրար՝ լուրջ բաների մասին չեն խոսում, իսկ օտարների մեջ լուրջ բաների մասին են խոսում:
«Մենք սիրում ենք լուրջ լինելու համար տխուր լինել»,-այսպես մեկնաբանեց Մանսուրյանը: Համաժողովի ընթացքում հատվածներ հնչեցին կոմպոզիտորի գործերից:«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ապրիլի 25-ին անցկացվում է Երաժշտական համաժողով, որին մասնակցում են Սերժ Թանկյանը, Տիգրան Մանսուրյանը, Տիգրան Համասյանը, Լիլիթ Պիպոյանը: System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի գլխավորությամբ անցկացվող հանդիպման ժամանակ անցկացվում են քննարկումներ հայկական երաժշտության ինքնության և տարբեր մոտեցումների մասին: