Փաստաբանի անվտանգության ապահովման համար գոյություն ունի գնացուցա՞կ
ОбществоԻնչպես տեղեկացրել էինք, արդեն երկու օր է, ինչ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, ինչպես նաև փաստաբանական գործունեության հիմնահարցերին նվիրված միջոցառման շրջանակներում Հայաստանում են գտնվում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Հունաստանի, Բուլղարիայի փաստաբանական համայնքների ներկայացուցիչները:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի նախաձեռնությամբ Հայաստան հրավիրված ավելի քան երեք տասնյակ փաստաբաններ երեկ՝ ապրիլի 24-ին, ցեղասպանություների կանխարգելման թեման բարձրաձայնելուց և դրանց իրավական գնահատականներ տալուց հետո քննարկել են ուղղակիորեն փաստաբանությանն առնչվող խնդիրները, այնուհետեւ այցելել Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք մատուցել 1915 թվականի զոհերի հիշատակին:
Նշենք, որ հանդիպման ընթացքում Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը կարևորեց փաստաբանության դերը արդարադատության իրականացման հարցում և նշեց. «Եթե պետական մարմինները ցանկանում են ունենալ իրական արդարադատություն, ապա ամեն կերպ պետք է նպաստեն փաստաբանության զարգացմանը: Այնուամենայնիվ, այսօր փաստաբանները իրենց գործունեության մեջ հանդիպում են բազմաթիվ խոչընդոտների»:
Արթուր Հովհաննիսյանը առաջ քաշեց նաեւ փաստաբանների՝ տեղեկություններ ստանալու հետ կապված դժվարությունների խնդիրը, որոնք, ըստ բանախոսի, առաջանում են հիմնականում հարկային մարմիններում, քաղաքացիական ակտերի կացության մարմնում:
Ըստ Հովհաննիսյանի՝ փաստաբանի գործունեության հետ կապված կարեւոր մարտահրավերներից է նաև փաստաբանների պաշտպանվածության խնդիրը:
«Եվ չնայած նրան, որ ՀՀ փաստաբանության մասին օրենքը նախատեսում է պետության պոզիտիվ պարտականությունը, սակայն պրակտիկայում, երբ փաստաբանը հարց է բարձրացնում, որ խնդիր ունի անվտանգության հետ, իրավապահ մարմինները մատնանշում են Կառավարության որոշումը, որով գնացուցակ է սահմանվում փաստաբանին պաշտպանելու համար, ըստ որում՝ պաշտպանության համար նախատեսված գումարը երբեմն ավելին է, քան փաստաբանի աշխատավարձը»,- նշեց Հովհաննիսյանը:
Սոսե Չանդոյան