«1915» ֆիլմի նպատակն է հարգել անցյալը և Ցեղասպանության զոհերին
КультураՀայոց ցեղասպանության տարելիցին նվիրված նոր՝ «1915» ֆիլմը չունի պատմական ուղերձ. հեղինակները հանդիսատեսին դաս տալու նպատակ չէ, որ հետապնդել են: Ֆիլմի երևանյան պրեմիերային ընդառաջ այս մասին նշեց գլխավոր ռեժիսոր և սցենարիստ Կարին Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ իրենք ցանկանում են դիտողներին զգացմունքներ փոխանցել:
«Անցյալը չի մահացել, չճանաչված ուրվականները դեռ մեր շուրջ են, նրանց ստվերը մեզ վրա է, և մենք դրանից չենք ազատվել: Այս ֆիլմը Ցեղասպանության անտեսանելի հետևանքների հոգեբանության մասին է: Մի քանի տարի առաջ ես ու Ալեք Մուհիբյանը սկսեցինք այս ֆիլմը ստեղծելու գործընթացը: Մենք զգում էինք հարյուրամյակի ստվերը մեզ վրա, և պատասխանատվություն վերցրինք մինչև տարելիցը ֆիլմ ստեղծել»,- նշեց Կարին Հովհաննիսյանը:
Ռեժիսորի խոսքով՝ սա սովորական ֆիլմ չէ: «Մեր նպատակն է հարգել անցյալը և նահատակներին, նոր լեզու գտնել՝ երիտասարդներին ներկայացնելու, տեղ հասցնելու Ցեղասպանության ողբերգության իմաստը: Մենք մեր շուրջը հավաքեցինք լուրջ տաղանդի տեր մարդկանց՝ Սիմոն Աբգարյանին, Անժելա Սարաֆյանին, ով բացառիկ դերասանուհի է, Սերժ Թանկյանին, որին ճանաչում են որպես ռոք-երաժիշտ, որը հասկանում է մեր ցավը և պահանջը»,- ընդգծեց նա:
Հովհաննիսյանի խոսքով՝ ֆիլմը ներկայացվել է ԱՄՆ-ում և Ռուսաստանում, իսկ մայիսից կցուցադրվի աշխարհի մի շարք երկրներում:
«Լոս Անջելեսի պրեմիերայից առաջ Բեռլինում ցուցադրեցինք: Հենց թուրքերն էին շատ դրական վերաբերում այս ֆիլմին: Ֆիլմն այն մասին է, որ բոլորս փորձում ենք անցյալից փախչել: Ֆիլմը նկարվել է քսան օրվա մեջ՝ հիմնականում «Լոս Անջելես« թատրոնում: Մեր ֆիլմի թշնամին ժամանակն էր. քսան օրվա մեծ հարյուր տարվա պատմությունը դժվար էր սեղմել, բայց մեզ համար էական էր, որ ֆիլմ ունենայինք մինչև հարյուրամյա տարելից»,- հավելեց ռեժիսորը:
Ֆիլմի կոմպոզիտոր Սերժ Թանկյանն էլ նշեց, որ երաժշտությունը թիմային աշխատանքի արդյունք էր: «Ես գրել եմ երաժշտությունը, բայց իրենք բոլորը ներգրավված են եղել թիմային աշխատանքի մեջ»,- նշեց նա:
Դերասանուհի Անժելա Սարաֆյանն էլ նշեց, որ իր կերպարն այս ֆիլմի սիրտն է:
ԱՄՆ-ի արտադրած 82 րոպե տևողությամբ «1915» ֆիլմը կհայտնվի նաև հայկական կինոէկրաններին: «Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 25-ին երեկոյան: Ֆիլմի պաշտոնական՝ 1915themovie.com կայքը տեղեկացնում է, որ «1915»-ը հոգեբանական թրիլերը ներկայացնում է ժամանակակից պատմության ամենասոսկալի իրադարձությունները: Ֆիլմը հետևում է մի մարդու վիճելի առաքելությանը, ով ցանկություն ունի կյանքի բերել մոռացված ցեղասպանության ուրվականներին:
Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Սիմոն Աբգարյանը /կերպարը՝ Սիմոն/, Սեմ Փեյջը /Ջեյմս/ և Անժելա Սարաֆյանը /Անժելա/: Հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը հայտնի է հատկապես «Մթնշաղ. Սագա. Լուսաբաց», «Պարանոյա», «Ներգաղթյալ» ֆիլմերից: Դերասան Սիմոն Աբգարյանն էլ ճանաչված է «Արարատ», «Կազինո Ռոյալ», «Սպին» կինոնկարներից: