Քրիստոնեական եկեղեցիների համերաշխությունը` Հայոց ցեղասպանության հարցի շուրջ
АналитикаԱյս մի քանի օրերին SOAD-ի համերգով, քաղաքական բարձրաստիճան այրերի ներկայությամբ տարված` գրեթե ուշադրություն չդարձրինք, որ Հայաստան է ժամանել Քրիստոնյա աշխարհի գրեթե ամբողջ «աստղաբույլը».
1.Ալեքսանդրիայի Պապ և համայն Աֆրիկայի պատրիարք Թավադրոս Բ (Ղպտի եկեղեցի)
2.Ասորի ուղղափառ եկեղեցու և համայն Արևելքի պատրիարք Մորան Մոր Եփրեմ Բ
3.Մալանկարա ուղղափառ եկեղեցու պետ և Մալանկարայի միտրոպոլիտ Բասելիոս Մար Թոմա Պաուլոս Բ (Հնդկաստան)
4.Անտիոքի հույն ուղղափառ եկեղեցու պատրիարք Յուհաննա Ժ
5.Պրահայի արքեպիսկոպոս, Չեխիայի և Սլովակիայի միտրոպոլիտ Ռաստիսլավ
6.Վաշինգտոնի արքեպիսկոպոս, Ամերիկայի և Կանադայի միտրոպոլիտ Տիխոնի:
Բարձրաստիճան եկեղեցական ներկայացուցիչներ կային նաև ռուս ուղղափառ եկեղեցուց, Զիմբաբվեից, Երուսաղեմից, Կիպրոսից, Հունաստանից, Բուլղարիայից, Սերբիայից:
Բողոքական եկեղեցիներից ներկա էին Լոնդոնի եպիսկոպոս (անգլիկան եկեղեցի) Հոն Ռիչարդ Չարթրեսը, ով Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնեց Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Վելբիի հատուկ գրությունը: Ներկա էին նաև Դանիայի Լյութերական եկեղեցու, Նորվեգիայի, Շվեդիայի բողոքական եկեղեցիների բարձրաստիճան ներկայացուցիչները:
Միջեկեղեցական կազմակերպություններից ներկա էր Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթին, ինչպես նաև` այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Այս ամենին էլ, եթե ավելացնենք Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Վատիկանի Սբ. Պետրոս տաճարում մատուցած պատարագը, վստահաբար կարող ենք նշել, որ քրիստոնեական եկեղեցին Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի շուրջ վերստին գտավ իր ընդհանրականությունը, թեկուզև շատ կարճ ժամանակով:
Կարպիս Փաշոյան