Ռուբեն Սեւակի թանգարանը 1915 թվականի անմեղ զոհերի պատմության մի մասնիկն է (լուսանկարներ)
ОбществоՇրջելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվող Ռուբեն Սեւակի անվան թանգարանում` վերապրում ես այն խորը ցավն ու դաժանությունը, որը երբեք էլ չես զգացել սեփական մաշկի վրա, սակայն որի միջով անցել են մեր նախնիները եւ մի ողջ հայ ազգ:
18-րդ դարում կառուցված Ղազարապատ կոչված պատմական շենքում, որը հիմնանորոգվել է Ռուբեն Սեւակի եղբորորդու` ֆրանսահայ Հովհաննես Չիլինկիրյանի բարերարությամբ, հնարավոր է ծանոթանալ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի իշխանության հրահանգի զոհ դարձած մեծն հայրենասեր Սեւակի կենսագրությանն ու անցած ճանապարհին։
Թանգարանի հիմնումը հարգանքի տուրք և խոնարհում է Ռուբեն Սեւակին, Գրիգոր Զոհրապին, Սիամանթոյին, Վարուժանին, Կոմիտասին, մեր մյուս մեծերին եւ մեկուկես միլիոն անմեղ զոհերին։ Թանգարանում ցուցադրված են արձակագիր, բժիշկ, եղեռնի նահատակ Ռուբեն Սեւակի անձնական իրերը, փաստաթղթերն ու ձեռագրերը, ածխանկարները, հայ արվեստի արժեքավոր գործեր, արեւմտահայ նկարիչների հավաքածուներ։ Ցուցադրված են նաև տիար Չիլինգիրյանի կողմից Մայր Աթոռին նվիրաբերված բացառիկ և արժեքավոր շուրջ 200 կտավ:
Մնեք, անդրադառնալով նրա կենսագրությանը եւ դաժան վախճանին, նշենք, որ Ռուբեն Սեւակն իր շատ նշանավոր ժամանակակիցներից ավելի շուտ էր զգացել արեւմտահայությանը սպառնացող ողբերգության հեռանկարը։ Այդ ժամանակ Սեւակն իրեն դրսեւորել է որպես հասուն ազգային ու քաղաքական գործիչ և իր ստեղծագործություններով զգոնության կոչ է արել` ընդգծելով համազգային միասնության կարեւորությունը։ Զգոնության կոչը Ռուբեն Սևակը արտահայտել է ոչ միայն իր «Գիւղական եկեղեցիին մէջ», «Գիւղական գերեզմանին մէջ», «Վրէժին սերմնացանը», «Վերջին օրօր», «Վերջին հայերը» ստեղծագործություններում, այլեւ նամակներում ու հրապարակախոսական ելույթներում։
1915 թվականին թուրքական յաթաղանի զոհ դարձած Ռուբեն Սեւակը ոչ միայն խոսքով ու գրչով է պաշտպանել իր գաղափարները, այլեւ կյանքի գնով ապացուցել է հայ ժողովրդի նկատմամբ ունեցած անմնացորդ նվիրվածությունը։
1915 թվականի ապրիլի 24-ին, լինելով զինվորական ծառայության մեջ, նա ձերբակալվել եւ բանտարկվել է Կ. Պոլսի կենտրոնական բանտում, ապա` աքսորվել Չանղըրը։ Նրա անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։ Չանղըրըում Սեւակը բուժել է թուրք ավազակապետ Արաբաջի Իսմայի աղջկան։ Որպես շնորհակալություն` Իսմայիլը նրան խորհուրդ է տվել իսլամություն ընդունելով փրկվել սպառնացող վտանգից, սակայն բժիշկը հրաժարվել է այդ խորհրդին հետեւելուց։
Ռուբեն Սեւակին ազատ արձակելու համար Գերմանիայի արտգործնախարարությանը, Կ. Պոլսի և Սոֆիայի նրա դեսպաններին, Լոզանի հյուպատոսին, Կ. Պոլսում դեսպան Հանսֆոն Վանգենհայմին բազմաթիվ դիմումներ են ուղարկել նրա աները` գերմանական բանակի պահեստի սպա Ֆրանց Ապելն ու նրա կինը` Հելեն Ապել-Չիլինկիրյանը, բայց բոլորն էլ, ցավոք, ապարդյուն։
Արդեն 1915 թվականի օգոստոսի 25-ին Ռուբեն Սեւակը հեռագրել է կնոջը, թե Դանիել Վարուժանի հետ գտնվում է Այաշի բանտում։ 1915թ. օգոստոսի 25-26-ին դեպի Այաշ աքսորի ճանապարհին` Չանղըրը և Կալեջիկ գյուղերի միջև, Չանղըրըից կառքով 6 ժամ հեռու գտնվող Թյունե կոչված վայրում իր 4 բախտակից ընկերների հետ (այդ թվում` Դանիել Վարուժանն ու Սիամանթոն) թուրք չեթեների կողմից սպանվել է քարերով ու յաթաղաններով խոշտանգումների ենթարկվելով` 30 տարեկանում։ Ըստ Գոնիայի պատերազմական ատյանում կառապան Հասանի տված վկայության` բժիշկը եղել է վերջին սպանվողը։
Սոսե Չանդոյան