«Գոհար» համույթի և հայ աստղերի համատեղ համերգն ամփոփվել է նոր տեսասկավառակում
КультураՀայաստանի առաջին Հանրապետության հռչակման օրվան նվիրված՝ «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբ-երգչախմբի և հայ աստղերի համատեղ համերգն ամփոփվել է նոր տեսասկավառակում: Դեռևս 2011թ. մայիսի 28-ին Ազատության հրապարակում կայացած համերգի ձայնասկավառակը, նախաձեռնողների հավաստմամբ, վաղուց էր պատրաստ, սակայն որոշ խնդիրներ կային, և շնորհանդեսը չէր կազմակերպվում:
«Գոհար» սիմֆոնիկ նվագախումբ-երգչախմբի գործադիր տնօրեն Սևակ Սերոբյանն ընդգծեց, որ DVD-ն պատրաստ է եղել մեկուկես տարի առաջ:
«Պատճառը մաեստրո Սեպուհ Աբգարյանի վատառողջ լինելն էր: Նա երկար տարիներ ղեկավարել է «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբը: Հետո հեռացավ այս աշխարհից: Վստահ եմ, որ հիմա մեզ հետ միասին ուրախ է տոնի առթիվ: Այդ պատճառով է, որ ուշացանք: Այսօր այս միջոցառմանն են մասնակցում մաեստրոներ, երաժիշտներ, 2011-ի համերգի մասնակիցները: Ուրախ ենք, որ բոլորը կարողացան գալ: Առիթը պատեհ գտանք, որպեսզի ներկայացնենք մեր նոր մաեստրոյին՝ Նատալի Գալստյանին»,- փոխանցմամբ՝ նշեց Սևակ Սերոբյանը:
Նրա խոսքով՝ նոր մաեստրոն աշխատել է Սեպուհ Աբգարյանի հետ, երկուսն էլ համերաշխ գործունեություն են ծավալել:
«Նոր մաեստրոն արդեն նոր ծրագրով կաշխատի: Այս տարվա համար ոչ մի բան չունենք»,-տեղեկացրեց Սևակ Սերոբյանը:
«Գոհարը Հայաստանի աստղերի հետ» երևանյան համերգի DVD սկավառակի շնորհանդեսի ընթացքում ներկայացվեց մաեստրո Սեպուհ Աբգարյանի հիշատակին նվիրված տեսաֆիլմ: Միջոցառման նախաձեռնող Գոհար Խաչատրյանը շնորհակալագրեր, մեդալներ հանձնեց բոլոր նրանց, ովքեր ակտիվ մասնակցություն էին ունեցել իր ծավալով եզակի և մասշտաբային միջոցառմանը: Պարգևները նախատեսված էին Արսեն Սաֆարյանի, Զարուհի Բաբայանի, Արամեի, Անդրեի, Հայկոյի և այլ երգիչ-երգչուհիների, ինչպես նաև միջոցառումը կազմակերպած տեխնիկական անձնակազմի համար:
«Գոհար»-ի նոր դիրիժոր Նատալի Գալստյանը նշեց, որ երկու տարի աշխատում է նվագախմբի հետ:
«Պատիվ եմ ունեցել համագործակցել նաև մաեստրո Սեպուհ Աբգարյանի հետ: Ինձ համար շատ հաճելի շփում էր, շատ խաղաղ եմ զգում, քանի որ կարողացա հասցնել իր հետ աշխատել: Շատ մեծ ոգևորվածություն եմ ապրում»,- նշեց նա:
«Գոհար» սիմֆոնիկ նվագախումբ-երգչախումբը հիմնադրվել է 2000 թվականին՝ լիբանանահայ Հարութ Խաչատրյանի կողմից, և հիմնադրի մայրիկի՝ Գոհար Խաչատրյանի պատվին կոչվում է «Գոհար»:
Հիմնադրման օրից մինչև 2014 թվականը այն ղեկավարել է Սեպուհ Աբգարյանը: Այսօր նվագախմբի կազմում են 150 երաժիշտներ, 12-15 երգիչներ, 15 պարողներ: Համույթը համերգներով հանդես է գալիս սփյուռքում: