Գեղարքունիքի մարզում կորիզավոր պտուղների բողբոջները չեն ցրտահարվել
ОбществоԳեղարքունիքի մարզի տարածքում ապրիլի 23-24-ին տեղացած ձյունը եւ գիշերվա ժամերին գրանցված սառնամանիքները չեն վնասել կորիզավոր պտուղների՝ ծիրանի, դեղձի եւ սալորի բողբոջները:
Ինչպես տեղեկացրեց վաստակաշատ այգեգործ, Ծովինար գյուղի բնակիչ, տնկիների արտադրությամբ եւ պտղատու ծառերի մշակմամբ զբաղվող Խաչիկ Տեր-Հովսեփյանը, վերջին ձյան եւ ցրտահարությունների ընթացքում կորիզավոր պտուղները ծաղկած չեն եղել այն աստիճան, որ ցրտահարվեին: «Նոր-նոր բացվող բողբոջները դիմացել են ձյանն ու ցրտերին, կարելի է ուրախությամբ ասել, որ հիմնական վտանգն անցած է: Հիմա կարելի է վախենալ տեւական անձրեւներից, ինչի դեպքում մեծ կլինի ծառերի չփոշոտվելու հավ անականությունը: Իսկ եթե մի քանի օր արեւոտ եղանակ լինի, անկասկած, այս տարի Գեղարքունիքում կունենանք սալորի եւ ծիրանի առատ բերք»,-հավաստեց Խաչիկ Տեր-Հովսեփյանը: Կորիզավոր ծառատեսակաների բողբոջները առավել բացվել էին Գետիկի ձորի համայնքներում, որոնց նույնպես ցուրտը չի վնասել: Գեղարքունիքի մարզի Դպրաբակի գյուղապետ Հովհաննես Նազլուխանյանի հավաստմամբ՝ գրանցված ցուրտը չի եղել այնքան սաստիկ, որ վնասեր սալորի եւ ծիրանի ծառերի ծաղիկները:
Խոսրով Խլղաթյան