Հայաստանի ՏԿԱԻՆ-ը պատրաստ է օգնել Նեպալին, եթե հայտնեն, թե ինչի կարիք ունեն
ОбществоՀայաստանի փրկարարները կապ են հաստատել Նեպալի հետ, սակայն այնտեղ փրկարարներին ընդունելու հնարավորություն չունեն: Հայաստանը պատրաստ է այլ կարգի օգնություն տրամադրել, եթե Նեպալից հայտնեն, թե ինչի կարիք ունեն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից: «Նախարար Արմեն Երիցյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը Հայաստանի համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների ներգրավմամբ ճշգրտել է, թե արդյոք կարող են Նեպալում գտնվել ՀՀ քաղաքացիներ. պարզվել է, որ Նեպալում ՀՀ քաղաքացիներ չկան: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը կապի մեջ է Նեպալի համապատասխան գերատեսչությունների հետ: Նեպալից ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը հաղորդել են, որ փրկարարների կարիք չունեն, քանի որ նաև հնարավորություն չունեն մեր փրկարարներին ընդունե լու համար, սակայն, եթե Նեպալից այլ օգնության տրամադրման հարցով դիմեն մեզ, բնականաբար, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը համապատասխան քայլեր կձեռնարկի պահանջվող օգնությունը ցուցաբերելու ուղղությամբ»,- հայտնեցին նախարարությունից:
Ապրիլի 25-ի առավոտյան Նեպալում տեղի է ունեցել 7.9 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր երկրի մայրաքաղաք Կատմանդուից 82 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Դրան հաջորդել են հարյուրից ավելի հետցնցումներ, որոնցից ամենահզորը՝ 6,7 մագնիտուդով, գրանցվել է ապրիլի 26-ին: Տեղի բնակիչները պատահածն արդեն համարել են ամենաավերիչը 1934 թվականից ի վեր, երբ զոհվել էր 8.5 հազար մարդ: Վերջին տեղեկություններով զոհերի թիվը անցել է 4 հազար 300-ից: