2-րդ աշխարհամարտի վերաբերյալ հարցումները Եվրոպայում
ИнтервьюՙՍպուտնիկ, կարծիքներ՚ միջազգային հարցումը, որն անցկացնում է ՙՍպուտնիկ՚ լրատվական գործակալությունը՝ հայտնի բրիտանական հետազոտական ICM Reseacrh ընկերության հետ միասին, ցույց է տվել, որ եվրոպական երկրների բնակչության 19-24 տոկոսը չի կարողանում պատասխանել այն հարցին, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ո՞վ է խաղացել կարևոր դերը՝ Եվրոպայի ազատագրման գործում:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ո՞վ է խաղացել կարևոր դերը Եվրոպայի ազատագրման գործում՝ հարցման մասնակիցները կարող էին ընտրել հետևյալ տարբերակներից՝ Խորհրդային բանակը, ԱՄՆ-ի բանակը,Մեծ Բրիտանիայի բանակը, այլ զինված ուժեր, չգիտեմ:
Հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների միայն 13 տոկոսն է կարծում, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Եվրոպայի ազատագրման գործում կարևոր դերը խաղացել է խորհրդային բանակը:
Գերմանիայում այս կարծիքին են հարցվածների 17 տոկոսը: Ֆրանսիայում այդպես է մտածում հարցվածների ընդամենը 8 տոկոսը:
Մեծ Բրիտանիայի բնակչության 46 տոկոսը վստահ է, որ գլխավոր դերը խաղացել է Մեծ Բրիտանիայի բանակը:
Ֆրանսիացիների 61 և գերմանացիների 52 տոկոսը կարծում են, որ գլխավոր դերն ունեցել է ամերիկյան բանակը:
Հարցումը, որին մասնակցել է 3000 մարդ, անցկացվել է մարտի 20-ից մինչեւ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում:
Ինչի՞ մասին են վկայում այս հարցման արդյունքները՝ սառը պատերազմի քարոզչության արդյունք են, թե ժամանակակից Ռուսաստանի դեմ ուղղված քայլ: Այս հարցին ի պատասխան՝ քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նկատում է՝ այս ամենն ալիքաձեւ զարգացման արդյունք է: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում քաղաքագետը նշել է, որ անմիջապես պատերազմից հետո որեւէ մեկը կասկածի տակ չէր դնում Խորհրդային իության դերն ու նշանակությունը Երկրորդ աշխարհամարտում, իսկ ահա դրանից հետո ի հայտ են գալիս առաջին միտումները, որոնք փորձում էին կասկածի տակ դնել Խորհրդային միության դերն այդ հարցում: «Իսկ վերջին շրջանում դա պայմանավորված է նաև Ուկրանիայի գործոնով, որտեղ փորձում են վերանայել կամ նորից գրել Երկրորդ աշխարհամարտի պատմությունը՝ մեծացնելով այս կամ այն երկրի նշանակությունն այդ պատերազմում և նվազեցնելով դաշնակցի ներդրման աստիճանը»,-մեկնաբանել է Մարկարովը:
Պատմության վերախմբագրման պատճառներից քաղաքագետն առանձնացնում է սեփական դերի, նշանակության, ինքնագնահատման բարձրացման, ինչպես նաեւ հիտլերյան Գերմանիայի և ստալինյան ԽՍՀՄ-ի միջև հավասարության նշան դնելու փորձերը: «Կա նաև այլ միտում: Ռուսաստանում, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին խոսելիս, ավելի շատ է ընդունված է օգտագործել Հայրենական պատերազմ բնորոշումը՝ որպես համախմբող գործոն ռուսաստանյան այսօրվա իշխանության համար: Հետեւաբար՝ փորձեր են արվում ստեղծել ոչ նպաստավոր պայմաններ այդ համախմբման ձևավորման համար»,-պարզաբանել է քաղաքագետը:
Ինչո՞վ են վտանգավոր նմանատիպ փորձերը: Մարկարովի խոսքով՝ պատմության վերանայումը հանգեցնում է նրան, որ ձևավորվում է սերունդ, որն արդեն այլ աչքերով է նայում պատմությանը: «Այսօր, օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները, շատ քիչ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի նոր սերնդի հիշողության մեջ ձևավորվեն նոր հերոսներ, դրանց հիման վրա էլ ձևավորվեն կամ վերաձևավորվեն նոր արժեքներ: Անցյալի վրա մենք սովորում ենք, իսկ սովորելով անցյալի վրա՝ ձևավորում ենք նաև ապագայի տեսլականը»,-եզրափակել է Ալեքսանդր Մարկարովը: