Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը հետաձգվել է
ОбществоՍտամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով շարունակվող 5-րդ դատավարությունը հետաձգվել է, եւ հերթական լսումը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 3-ին:
Այս մասին հայտնում է թուրքական DemokratHaber կայքը:
Ստամբուլի թիվ 5 ծանր հանցագործությունների քրեական դատարանում անցկացված դատալսմանը Դինքի ընտանիքի փաստաբանների հետ մասնակցել են պատասխանող կողմի փաստաբանները: Դատալսմանը հետեւել են Եվրոպայից ժամանած եւ տեղացի իրավաբաններ, «Հրանտի բարեկամներ» կազմակերպության անդամներ, հասարակական գործիչներ:
Դատալսմանը մասնակից՝ Դիարբեքիրի փաստաբանների միության նախագահ Թահիր Էլչինը լրագրողների հետ զրույցում ասել է. «Մենք պնդում ենք, որ այս մարդասպանությանը մասնակից է զինված կազմակերպություն: Այդ պատճառով սպասում ենք, որպեսզի հանրապետական դատախազությունում հետաքննությունն ավարտվի այն բանից հետո, երբ կհավաքվեն դրա հետ կապված բոլոր ապացույցները»:
Այդ մասին փաստաբանների արած հայտարարություններից հետո դատարանը դատալսումը հետաձգել եւ նշանակել է 2015 թվականի սեպտեմբերի 3-ին:
Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ Ստամբուլի գլխավոր դատախազությունը առաջիկա հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված՝ հունիսի 7-ից չեղյալ է համարելու Դինքի սպանության ժամանակաշրջանում Ստամբուլի նահանգապետի պաշտոնը զբաղեցրած Մուամար Գյուլերի անձեռնմխելության մասին իր նախկին որոշումը, ինչով էլ օրակարգ է մտնելու Դինքի սպանության մասին տեղյակ լինելու հիմնավորմամբ նրա դեմ դատական գործի վարույթը:
Հրանտ Դինքի սպանության գործով ընթացիկ տարվա փետրվարի 2-ին ձերբակալվել էր Թուրքիայի ոստիկանության հետախուզության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը: Նախկին բարձրաստիճան ոստիկանի ձերբակալման որոշումը կայացրել էր Դինքի սպանության գործը քննող դատախազ Գյոքալփ Քյոքչուն:
2014 թվականի հոկտեմբերին Թուրքիայի արդարադատության նախարարությունը հավանություն էր տվել, որ դատական գործեր հարուցվեն Դինքի սպանության ժամանակ կարեւոր պաշտոններ զբաղեցրած 9 չինովնիկի նկատմամբ, որոնց թվում են Ստամբուլի նահանգային ոստիկանապետ Ջելալեթին Ջերահը, հետախուզության վարչության նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերը, Ստամբուլի նահանգապետի նախկին տեղակալ Էրգյուն Գյունգորը եւ այլք:
Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջեւ նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:
Դատարանի 2012 թվականի հունվարի 17-ի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:
2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:
Ենթադրվում է, որ այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում՝ Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որշումներ են ընդունվել: