Քաղաքագետը պահանջատիրության հարցի շուրջ հասարակական քննարկումների անհրաժեշտություն է տեսնում
ИнтервьюԹուրքիայից մեր պահանջատիրության հարցի շուրջ Հայաստանում պետք է ձևավորվի հասարակական կոնսենսուս: Լրագրողների հետ ապրիլի 29-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Մենք պետք է հասկանանք, որ համազգային կարևորության հարցերի շուրջ հանրային քննարկումներն ուղղակի անհրաժեշտություն են, քանի որ ներկա դրությամբ Թուրքիայից մեր պահանջատիրության առումով մենք դեռևս հստակ պատկերացումներ և ձևակերպումներ չունենք»,-նշեց նա:
Քաղաքագետը նկատեց, որ հետևելով վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին՝ մենք կարող ենք փաստել, որ Հայոց ցեղասպանությունը որպես պատմական իրողություն գրեթե որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում: «Հայոց ցեղասպանությունը որպես պատմական իրողություն հերքող ցանկացած պետություն կամ անհատ արդեն կարող է բարոյական և մասնագիտական խնդիրներ ունենալ: Բացի այդ` ես չափազանց կարևոր եմ համարում այն, որ Հայոց ցեղասպանությունը որպես իրավական ակտ ընդունեցին Առաջին աշխարհամարտում Թուրքիայի դաշնակիցներ Ավստրիան և Գերմանիան, ինչ ը շատ կարևոր է»,-ընդգծեց Մինասյանը և հավելեց, որ վերջին տասը տարում թուրքական հասարակության գիտակցական մակարդակում առկա են լուրջ փոփոխություններ, որոնք ուշ թե շուտ ստիպելու են Թուրքիայի իշխանություններին առերեսվել սեփական պատմության հետ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ապրիլի 22-24-ը Հայաստանում և աշխարհում իրականացվեցին քաղաքական, մշակութային, կրթական, գիտական միջոցառումներ, որոնք շեշտեցին մարդկության դեմ ուղղված ոճրագործության` Հայոց ցեղասպանության դատապարտման կարևորությունը: Ապրիլի 22-23-ին աշխարհի տարբեր երկրներից 600 պատվիրակ Երևանում մասնակցեցին «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումին: Ապրիլի 23-ին համայն հայության սրբավայր Մայր Աթոռում իրականցվեց Հայոց ցեղասպանության` հավատքի ու հայրենիքի համար նահատակված զոհերի սրբադասման կարգը, նույն օրը երեկոյան Հանրապետության հրատարկում «Արթնացրեք հոգիները» համերգաշարով հանդես եկավ աշխարհահռչակ System of a down ռոք խումբը: Ապրիլի 24-ին Ծիծեռնակարբերդի բարձունքում «Հիշում եմ և պահանջում» խորագրով միջոցառմանը մասնակցեցին 60 երկրի պատվիրակություններ, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի ու Կիպրոսի նախագահները: Այդ օրը երեկոյան տեղի ունեցավ «Վերածնունդ» դասական համերգը, ինչպես նաև ավանդական դարձած ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ: