Քաղաքացին կեղծ աշխատանքային պայմանագրեր է պատրաստել
ОбществоԵրևանի բնակիչ Աննա Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:
Այս մասին հայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից:
Աննա Վարդանյանը Հնդկաստանի քաղաքացիներին կացության քարտ ձեռք բերելու հարցում օգնելու նպատակով նախնական համաձայնության է եկել Նարինե Սարգսյանի հետ, որից հետո Հնդկաստանի վեց քաղաքացու համար պատրաստել է իրավունք վերապահող կեղծ աշխատանքային պայմանագրեր:
Վերը նշված պայմանագրերից երկուսում չնշելով անգամ պայմանագրի կնքման ամսաթիվը` մեղադրյալը Նարինե Սարգսյանի գիտությամբ և համաձայնությամբ վերջինիս փոխարեն ստորագրել է դրանք: Այնուհետև Աննա Վարդանյանը կեղծ դիմումներ է ուղարկել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն, որի արդյունքում Հնդկաստանի վեց քաղաքացի ստացել են կեցության քարտեր:
Կեցության յուրաքանչյուր քարտի դիմաց Գուարավ Շարմանի միջոցով Աննա Վարդանյանը վերցրել է 40 հազար ՀՀ դրամ, որից 20 հազարը տվել է Նարինե Սարգսյանին, իսկ 5 հազարը` Գուարավ Շարմանին:
Վերը նշված քրեական հոդվածով մեղադրյալին սպառնում է առավելագույնը երկու տարի ժամկետով ուղղիչ աշխատանքներ կամ առավելագույնը չորս տարի ժամկետով ազատազրկում:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը Աննա Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է ստորագրություն չհեռանալու մասին: