Գյումրու «Մուշ» թաղամասում բնակարան ստացած ընտանիքների վկայականները կտրամադրվեն հունիսին
ОбществоԳյումրու «Մուշ» թաղամասում բնակարան ստացած 1756 ընտանիքներ մինչ օրս չեն ստացել իրենց բնակարանների սեփականաշնորհման վկայականները, քանի որ գործընթացը կասեցվել է։
Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում հայտնեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հարցին: «Խնդիրը նախարարության ուշադրության կենտրոնում է: Վերջին մեկ տարվա ընթացքում այն առ աջնային է դարձել գերատեսչության համար։ Քննարկումների արդյունքում մշակվել է քայլերի մանրակրկիտ ժամանակացույց՝ համաձայնեցված այլ շահագրգիռ մարմինների՝ Գյումրու քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի, ՀՀ ֆինանսների նախարարության, ԴԱՀԿ ծառայության եւ Կադաստրի պետական կոմիտեի հետ»,- նշեց նախարարը:
Նա հավաստիացրեց, որ իրենք հաստատված ժամանակացույցով առաջ են շարժվում։ Ըստ դրա՝ վերջնաժամկետը մայիսի 31-ն է, սակայն նվիրատվությունների պայմանագրերի կազմումը եւ սեփականաշնորհումը մի փոքր կարող են ուշանալ։ Նարեկ Սարգսյանը վստահեցրեց, որ հունիսի սկզբին բոլոր այդ ընտանիքների խնդիրը կլուծվի: