ՌԱԿ ԿՎ անդամները բարձր են գնահատել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները
ОбществоՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 29-ին ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած, Ռամկավար Ազատական Կուսակցության կենտրոնական վարչության անդամներ Մայք Խարաբյանին, Վարդան Ուզունյանին և Լևոն Բելեքյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրույցի ընթացքում հյուրերը բարձր են գնահատել Հայաստանում Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ կազմակերպված բոլոր միջոցառումները և վստահություն հայտնել, որ դրանք նոր լիցք կհաղորդեն համայն հայության համախմբմանն ու համազգային նոր ձեռքբերումներին: Նրանք պատմել են նաև Լոնդոնում իրականացված և առաջիկայում իրականացվելիք ծրագրերի ու միջոցառումների մասին:
Սփյուռքի նախարարը գոհունակություն է հայտնել ՌԱԿ-ի հայանպաստ գործունեության համար և հույս հայտնել, որ այսուհետև ևս կշարունակվի արդյունավետ համագործակցությունը:
Քննարկվել են Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչվող այլ հարցեր: