Չհիմնավորված սկանդալ` Հակոբյանների անվան շուրջ. սպանդանոցում վարակ չի գրանցվել
ОбществоՕրերս մամուլն անդրադարձել էր Կոտայքի մարզի Սոլակ համայնքում և ավելի վաղ Կապան քաղաքի «Գյուղարատ» սպանդանոցում գրանցված բրուցելոզ հիվանդության դեպքերին: Նշենք, որ Սննդի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է իրականացրել դեպքի վայրում, ինչի հետ կապված այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ԳՆ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը նշեց.
«Գրավոր դիմում ստանալուց հետո մենք անմիջապես արձագանքել ենք. մասնագետներն այցելել են Կապան եւ սկսել են կատարել իրենց աշխատանքները` ուսումնասիրությունները: Ինչ վերաբերում է մեր հաղորդագրությանը, ապա դա տարածվել է երեք օր անց, որը բնական է, քանի որ մեզ ժամանակ էր հարկավոր ուսումնասիրություն կատարելու համար եւ տեղեկացնելու, թե ինչն է հանդսացել վարակի աղբյուր: Ասեմ, որ սպանդանոցում եղել են նաեւ հանկարծակի այցեր, որի ժամանակ եւս իրականացվել են ստուգումներ»:
Բանախոսներից «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Ավագյանն էլ նկատեց. «Եթե գրանցվում են նմանատիպ դեպքեր, ապա դա դեռեւս չի նշանակում, որ մարդու մոտ տվյալ հիվանդությունը վաղուց չի եղել: Ինչպես ցանկացած հիվանդություն, բրուցելյոզը եւս կարող է նկատելի դառնալ սրացումների ժամանակ:
Ինչ վերաբերում է կոնկրետ «Գյուղարատի» գործին, ապա ասեմ, որ այնտեղ վերջին պաշտոնական մորթը եղել է նոյեմբերի 18-ին, իսկ հիվանդության մասին խոսվում է ապրիլ ամսին: Ընդհանրապես չի բացառվում, որ հիվանդանոցում հայտնված անձինք վաղուց ունեցել են առողջական խնդիրներ, այս դեպքում` բրուցելոզի վարակ: Չի կարելի միանշանակ ասել, որ կատարվել է սպանդ, որից հետո մարդիկ վարակվել եւ հայտնվել են հիվանդանոցներում: Եւ հետո մարդիկ իրենք կարող են ունալ անասուններ, որոնք վարակված են: Ես գիտեմ դեպքեր, երբ մարդը եկել է Ռուսաստանից արդեն բրուցելոզով վարակված, իսկ սրացումները նկատելի են դարձել միայն Հայաստանում»:
Արմեն Ավագյանը ուշադրություն դարձրեց նաեւ մեկ կարեւոր հանգամանքի վրա. «Սպանդանոցում չի արձանագրվել վարակ: Իրադարձությունները զարգացել են հետեւյալ կերպ` արձանագրվել է մարդու հիվանդության դեպք, որից հետո համապատասխանեցվել է, որ այդ անձնակազմն աշխատում է սպանդանոցում: Այստեղից արվել է եզրակացություն, որ հավանականություն կա, որ վարակի աղբյուր կարող է հանդիսանալ սպանդանոցը: Ասել, որ 19 մարդ միաժամանակ վարակվել են սպանդանոցից բացառում եմ: Նման բան լինել պարզապես չի կարող:
Ի դեպ` սա այն հիվանդությունը չէ, որի հետ կապված նման տագնապ ու անհանգստություն պետք է առաջացնել»:
Սոսե Չանդոյան