Հայաստանում գերիշխող են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացությունները
ОбществоՀայաստանում 2015թ. առաջին եռամսյակում բնակչության շրջանում մահացությունների պատճառների մեջ գերիշխել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները: Այս մասին ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն նշեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
«ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ տարածքային բաժիններից ստացված մահվան վերաբերյալ ակտերի համաձայն՝ այս տարի առաջին եռամսյակում մահացածների թվաքանակը կազմել է 7 708: Հունվար-մարտին արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացած մարդկանց թիվը կազմել է 3 899, որը կազմում է ընդհանուր մահացությունների քանակի 50.6%-ը»,- հայտնեց Կարինե Կույումջյանը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետը տեղեկացրեց նաև, որ նույն ժամանակահատվածում նորագոյացություններից մահացությունների քանակը կազմել է 1 413, շնչառական օրգանների հիվանդություններից՝ 506, մարսողական օրգանների հիվանդություններից՝ 459, դժբախտ պատահարներից, թունավորումներից և վնասվածքներից՝ 315, վարակիչ և մակաբուծային հիվանդություններից՝ 65, այլ հիվանդություններից՝ 1 051: