Ստամբուլում փլուզվել է վերգետնյա անցումը. կան զոհեր և վիրավորներ
Ստամբուլի Ավջըլար թաղամասում այսօր առավոտյան տեղական ժամանակով 09:50-ին քիմիական նյութեր փոխադրող բեռնատարի բախվելու հետևանքով փլուզվել է վերգետնյա անցումը, որի հետևանքով երկու մարդ զոհվել, 4 մարդ էլ վիրավորվել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական DHA լրատվական գործակալությունը, բեռնատարի բախվելու պահին զոհված քաղաքացիները գտնվել են վերգետնյա անցումի տակով անցնող ավտոմեքենայի մեջ, իսկ վիրավորվածները` կամուրջի վրա: Մայրուղին Ստամբուլի կենտրոնը միացնում է Աթաթուրքի անվան օդանավակայանին և քաղաքի ամենաաշխույժ պողոտաներից մեկն է:
Երևեկությունը մայրուղով դադարեցվել է: Միջադեպի վայր մեծ թվով շտապօգնության, ոստիկանական և փրկարարական բրիգադներ են ժամանել:
Ավջըլարի թաղապետ Հանդան Թոփրաքը լրագրողներին հայտնել է, որ նման վթար այդ կամրջին տեղի է ունեցել 2012 թվականին ևս: