Հայ ժամանակակից երիտասարդությունը «մոդայիկ» մասնագիտություններ է նախընտրում, որոնք պահաջարկ չունեն աշխատաշուկայում: Մեր կրթության ոլորտում խախտվել է առաջարկի և պահանջարկի հարաբերակցությունը:
Տնտեսագիտությունը, իրավագիտությունը, ինֆորմատիկան եւ կիրառական մաթեմատիկան, շարունակում են պահպանել իրենց ակտուալությունը: Սակայն ԲՈւՀ-ն ավարտում են տասնյակ անգամ ավելի մասնագետներ, քան պետության ներսում այդ անհրաժեշտությունը կա, եւ երկրի ներսում աշխատանք չգտնելով՝ շրջանավարտների մի մասը հարկադրված մեկնում է երկրից: Փոխարենը՝ պակասել են արհեստագործական ուսումնարանները, որոնք շատ դեպքերում վերանվանվեցին քոլեջի ու մոռացան իրենց առաքելությունը, շատերն էլ փակվեցին:
Ցավով պետք է արձանագրեմ, որ Հայաստանի գիտության ներկա վիճակում զարգացում չեմ տեսնում, ավելին՝ այն բավական հետընթաց է ապրում: Այսօր մեր երկրի գիտության ոլորտը մրցունակ չէ, գիտնականների գործունեության համար բավարար միջոցներ չեն ստեղծվել: Դրանով էլ պայմանավորված է գիտնականների արտահոսքը Հայաստանից, որոնք մեծ նպաստ են բերում օտար երկրների գիտության զարգացմանը:
Ի տարբերություն արեւմտյան երկրների, Հայաստանում բացակայում է այն մտածելակերպը, որ գիտությունը կարող է շահավետ բիզնես դառնալ: Օրինակ՝ ԱՄՆ-ում հայ գիտնականների ուղեղների շնորհիվ պետությունը միլիոնավոր դոլարների եկամուտ է ձեռք բերում:
Մինչդեռ այդ նպաստը նրանք կարող են բերել մեր պետությանը...Իր ֆեյսբուքյան էջում գրել է Վանիկ Էլիզբարյանը: