Արցախում ժամը 14:00-ի դրությամբ քվեարակությանը մասնակցել է ընտրողների 46.8 տոկոսը
ОбществоԼՂՀ-ում մայիսի 3-ի առավոտյան ժամը 8-ից մեկնարկած խորհրդարանական ընտրություններին նկատվում է մասնակցության բարձր մակարդակ: Ժամը 14:00-ի դրությամբ Ստեփանակերտում եւ Երեւանում գտնվող12 ընտրատարածքներում իր քաղաքացիական պարտքն է կատարել 47.544 քաղաքացի կամ ընտրողների 46,8 տոկոսը: Այս մասին ԼՂՀ ԿԸՀ մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Ռայա Նազարյանը:
‹‹Թիվ մեկ ընտրատարածքում ընտրություն կատարել է 3782 մարդ, թիվ 2 ընտրատարածքում`3752, թիվ 3 ընտրատարածքում`3905 թիվ 4 ընտրատարածքում՝ 3249, թիվ 5 ընտրատարածքում՝ 4896, թիվ 6 ընտրատարածքում` 5174, թիվ 7 ընտրատարածքում 4465 մարդ, թիվ 8 ընտրատարածքում քվեարկել է 4110 քաղաքացի, թիվ 9 ընտրատարածքում՝ 3960, թիվ 10 ընտրատարածքում՝ 4804 , թիվ 11 ընտրատարածքում՝ 5122 քաղաքացի: Երեւանում գտնվող ընտրատարածքում 325 մարդ է քվեարկել››,- ասաց Նազարյանը` հավելելով, որ տեղամասերում լուրջ խախտումներ չեն արձանագրվել: Փոքրիկ թերությունները տեղում շտկվել են:
ԼՂՀ-ում անցկացվում են 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները: Մայիսի 3-ի առավոտյան բացվել են բոլոր 279 տեղամասային ընտրական հանձնաժողովները: Տեղամասերից մեկը գտնվում է Երեւանում, եւս մեկը՝ Քրեակատարողական հիմնարկում: Ընտրության իրավունք ունեցող 101.653 քաղաքացիները մինչեւ երեկոյան ժամը 20:00-ն կարող են կատարել իրենց քաղաքացիական պարտքը: ԼՂՀ ընտրություններին հետեւելու համար Ստեփանակերտ են ժամանել բազմաթիվ միջազգային դիտորդներ, անկախ կազմակերպությունների ներկայացուցիչներ: