«Այն ոտնձգությունները, որոնք նկատելի են սահմանագծին, վաղուց լոկալ բնույթ չեն կրում». Տիգրան Աբրահամյան
ИнтервьюԱրցախյան ընտրություններ, սահմանային միջադեպեր, առկախված բանակցային գործընթաց. սրանք վերջին շրջանի քաղաքական օրակարգի առանցքային թեմաներն են: Վերոհիշյալ խնդիրների շուրջ Orer.am-ը զրուցեց քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի հետ:
Պարոն Աբրահամյան, ղարաբաղյան ընտրությունների օրինական ընթացքը կարծես թե որևէ մեկը կասկածի տակ չի դնում: Այդ առումով ինչպիսի տպավորություն էր Ձեզ մոտ, արդյո՞ք Արցախի իշխանությունները կարողացան հանձնել այս հերթական քննությունը:
Արցախում անցկացված ընտրությունները բավականին լավ էին կազմակերպված, ընդ որում՝ բարձր մակարդակով ընտրութունների անցկացման շահագրգռվածությունը նկատելի էր և իշխանությունների, և հասարակության կողմից:
Ընտրական գործընթացների կատարելագործումը, առհասարակ, լավ ընտրությունների անցկացումը նախևառաջ անհրաժեշտ է Արցախին, ինչից առաջին հերթին հենց քաղաքացին է շահելու:
Վերջին շրջանում շփման գծում ակտիվացած սահմանային միջադեպերը արդյո՞ք նոր լայնածավալ ռազմական գործողությունների նախերգանք են: Ընդհանրապես, որքանով են հավանական լայնածավալ պատերազմի վերսկսման հնարավորությունները:
Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի չի դիմում, բայց լայնամասշտաբ սադրանքների միանշանակ տրվում է: Այն ոտնձգությունները, որոնք նկատելի են սահմանագծին, վաղուց լոկալ բնույթ չեն կրում:
Ադրբեջանը հնարավոր բոլոր ուղղություններով սողանցքներ է փնտրում՝ դիվերսիոն ներթափանցումներ իրականացնելու համար: Որքան մեծանում է առաջնագծում կիրառվող զինատեսակների կալիբրը, այնքան անվտանգության հետ կապված ռիսկերն աճում են:
ԼՂՀ հարցի լուծման շուրջ ընթացող բանակցություններում կարծես թե որևէ դրական տեղաշարժ չկա: Ի՞նչ կանխատեսումներ և ակնկալիքներ ունեք հետագայում սպասվելիք բանակցային պրոցեսից:
Գործընթացում տեղաշարժ չկա, նոր զարգացումներ դեռևս տեսանելի չեն: Արդեն իսկ տեղեկատվություններ են շրջանառվում այն մասին, որ համանախագահները փորձում են երկու երկրների նախագահների հանդիպման օրակարգը համաձայնեցնել ԱԳ նախարարների հետ, սակայն դա դեռ չի նշանակում, որ լուրջ պրոցեսներ են սպասվում:
Ադրբեջանը բավականին կոշտ դիրքերից է հանդես գալիս՝ իր չհիմնավորված մաքսիմալիստական մոտեցումներով բացասական սպասելիքներ ստեղծելով: Այս պահին, ցավոք, գործընթացում դրական տեղաշարժերի հիմքեր չկան: