Արցախը եվրոպական պետություն է Կովկասում. Պավել Չերնեւ
ОбществоԲուլղարացի քաղաքական եւ հասարակական գործիչ Պավել Չերնեւը Ստեփանակերտում երկրորդ անգամ է: Առաջին անգամ Արցախ է այցելել 3 տարի առաջ կրկին համապետական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Չերնեւը խոստովանում է, որ երեք տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղը շատ մեծ առաջընթաց է ունեցել:
«Արցախն ավելի է զարգացել, ավելի է բարգավաճել եւ ժողովրդավարության մակարդակում հասել բավական մեծ բարձունքի: Դուք կարողացել եք պահպանել ձեր քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը, դարձել եք ավելի ազատ եւ ժողովրդավար: Արցախը եվրոպական պետություն է Կովկասում»,- ասաց Չերնեւը:
Անդրադառնալով մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրություններին, Չերնեւն ասաց, որ ընտրություններն անցկացվել են բարձր մակարդակով:«Ամեն ինչ հրաշալի էր, պրոֆեսիոնալ: Դուք կրկին ապացուցեիք, որ կարողանում եք բարձրորակ ընտրություններ կազմակերպել եւ ներկայացնել ձեր քաղաքացիների տեսակետը››,- ասաց Չերնեւը:
Նախնական տվյալներով` Արցախում վեցերորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններում առավելագույն ձայն ստացել է «Ազատ հայրենիք» կուսակցությունը: Ներկայիս իշխող կուսակցությունը ստացել է 32 հազար 632 ձայն կամ ընդհանուր ձայների 47,35 տոկոսը: Ազգային ժողովրդավարական կուսակցության օգտին քվեարկել է 13 հազար 105 մարդ կամ ընդհանուր թվի 19.1 տոկոսը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը երրորդն է: Դաշնակցության օգտին քվեարկել է 12 հազար 965 մարդ կամ ընդհանուր թվի 18,81 տոկոսը: «Շարժում 88» կուսակցությունը ստացել է 4 հազար 777 քվե կամ 6,93 տոկոս, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստացել է 3 հազար 709 քվե կամ 5,38 տոկոս: Քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 70,6 տոկոսը: