Սահմանամերձ գոտիների զինվորների համար համերգ-հանդիպումներ են անցկացվում
Общество«Հայրենիքն սկսվում է սահմանին կանգնած զինվորից». այս խորագրով հեղինակային երգի համերգ-հանդիպումներ են իրականացվում սահմանամերձ գոտու զինվորների համար: Ծրագիրն իրականացնում է «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն՝ ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Ինչպես տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, երգահան-կատարողներն արդեն հյուընկալվել են ՀՀ սահմանամերձ շրջանների՝ Բերդի, Կողբի զորամասերում: Հերթական համերգը տեղի է ունեցել մայիսի 3-ին Արարատում: Ծրագրի ղեկավար Վախթանգ Հարությունյանը նշել է, որ իրենց երգացանկում ընդգրկված են հայերեն ու հայեցի երգեր, ու այդպիսով փորձում են հայկական շունչ փոխանցել զինվորներին: «Զինվորը և մեր սահմանը պետք է լինեն պինդ, իսկ դրա համար պիտի զինվորը ոգևորված լինի: Ես կարծում եմ, որ ծառայությունը չի ավարտվում բանակում, այ լ սկսվում է, և ամբողջ կյանքում այդ ծառայությունը շարունակվելու է հանուն հայրենիքի»,- ընդգծել է նա:
Երգահան, բանակի սպա, կապիտան Արմինե Հայրապետյանը նկատել է, թե նման նախաձեռնությունների արդյունքը տարիներ անց կերևա: «Արձագանքը զինվորների աչքերում եղած ոգևորությունն է, անգամ դեպքեր են եղել, երբ իրենց համազգեստի սահմանների մեջ տեղավորվելով՝ հազիվ են իրենց զսպել, որ չարտասվեն: Այսպիսով մենք ցանում ենք սերմեր, որոնք հետո պետք է ծլեն ու ծառեր դառնան»,- նշել է նա: Երգահանի համոզմամբ՝ երբեք չպետք է մենակ թողնել բանակը. «Բանակն իրեն երբևէ միայնակ չպետք է զգա: Որքան էլ ունենանք մարտունակ բանակ, միևնույն է, զինվորը պետք է զգա, որ իրեն սատարում է ժողովուրդը, որ մենք էլ իրենց թիկունքն ենք պահում»:
Արարատի զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Թումանյանը տեղեկացրել է, որ նման ձևաչափով առաջին անգամ է համերգ կազմակերպվում զորամասում, ինչը անպայման դրական լիցքեր կհաղորդի զինվորներին: Նա նշել է՝ կարևոր է այն, թե ինչպես են բանակում դիմավորում նորակոչիկին: «Մեր վերադասի կողմից հատուկ է դա դրված. այնպես անել, որ նորակոչիկն իրեն զգա ինչպես հայրական օջախում: Երբ նա տեսնում է, որ այստեղ իրեն սպասում են՝ մաքուր սպիտակեղենը գցած, այլևս տպավորությունը բանակի մասին փոխվում է »,- ընդգծել է նա: Արթուր Թումանյանը նշել է, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի բանակ-հասարակություն կապը սերտանա: Ուստի, հինգ տարեկանից սկսած երեխաները մուտքի իրավունք ունեն զորամաս. մարզադահլիճում անվճար հիմունքներով մարզվում են, զուգահեռաբար վաղ տարիքից շփվում բանակի առօրյային, ծանոթանում կարգուկանոնին: