Հերթական մի ձերբակալության խրոնիկա
АналитикаՀայաստանում տեղի ունեցող ձերբակալությունները կարծես սկսում են կրել սիստեմատիկ բնույթ: Այսինքն, ավելի ճիշտ կլինի իրավիճակը բացատրել ժողովրդական ասացվածքով՝ սուրբ տեղը դատարկ չի մնա: Այլապես ինչպե՞ս հասկանալ, որ Նախախորհրդարանի անդամներն ազատ են արձակվում, սակայն նույն պահին ձերբակալվում է ԲՀԿ նախկին անդամ Գոհար Ենոքյանը, ում մեղադրանք է առաջադրվում ԲՀԿ նախկին մեկ այլ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) դեմ մահափորձ կազմակերպելու համար: Եվ ինչո՞ւ, առհասարակ, Քննչական կոմիտեն հենց հիմա հիշեց այս դեպքի մասին:
Ինչպես հայտնի է, Գոհար Ենոքյանը հանդիսանում է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի մոտ ընկերուհին: Մտածել, թե Ծառուկյանի հանդեպ պատժամիջոցները շարունակվում են, այդքան էլ տեղին չէ, քանի որ, ըստ էության, նրա անվերապահ ու ջախջախիչ կապիտուլացիան լրացուցիչ հարվածների անհրաժեշտության կարիք չունի:
Բայց չմոռանանք, որ փետրվարյան իրադարձությունների ժամանակ Յուվեցի Կարոն չսատարեց իր իսկ կուսակցության առաջնորդին, այլ իր հավատարմությունը հայտնեց Սերժ Սարգսյանին: Այս հանգամանքը հաշվի առնելով` կարելի է եզրակացնել, որ իշխանությունը պարզապես իր երախտիքն է հայտնում Կարապետյանին: Իշխանության մեջ սա ընդունված պրակտիկա է, քանի որ, բացի հարցերի քաղաքական լուծումները, այստեղ շատ հաճախ ստիպված են հաշվի առնել նաև քրեական հեղինակությունների հետ հարաբերությունների կարևորությունը` դրանք միմյանց խիստ սերտաճած լինելու պատճառով:
Դե իսկ ինչ վերաբերում է Գոհար Ենոքյանին, ապա նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը հայտարարել է, որ իրենց համոզմամբ` նշված կասկածները անհիմն են ու ձերբակալման որևէ հիմք գոյություն չունի: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին հայտարարել է, որ ստորագրահավաք կսկսվի` Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու համար:
Նարեկ Ադամյան