Այլ պետության փաստաբանները կարող են հավատարմագրվել եւ գործունեություն ծավալել Հայաստանում. Արա Զոհրաբյան
ИнтервьюԵրեկ ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի եւ Մոսկվայի փաստաբանների պալատի պատվիրակության ներկայացուցիչների միջեւ:
Նշենք, որ Հայաստանի փաստաբանների պալատում հյուրընկալված ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Մոսկվայի փաստաբանների պալատի առաջին փոխնախագահ Հենրի Րեզնիկը: Նրա հետ Հայաստան էին ժամանել Մոսկվայի փաստաբանների պալատի փաստաբան, որակավորման հանձնաժողովի անդամ Նիկոլայ Կիպնիսը և Մոսկվայի փաստաբանների պալատի փաստաբան Յուրի Չանչուրյանը:
Շրջայց կատարելով Պալատում` Հ. Րեզնիկն ու նրա թիմակիցները ծանոթացան ՀՀ փաստաբանական դպրոցի և Հանրային պաշտպանի գրասենյակի հնարավորություններին, որից հետո արդեն տեղի ունեցավ քննարկում` կապված փաստաբանական գործունեության եւ դրա արդյունավետ իրականացման հետ:
Արա Զոհրաբյանը, ներկայացնելով փաստաբանության ոլորտում առկա խնդիրներն ու ձեռքբերումները, նշեց. «Որպես ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչ` կարեւորում եւ ձեռքբերում եմ համարում փաստաբանական գաղտնիքի հարցի կարգավորումը: Ըստ օրենքի` Հայաստանում արգելված է փաստաբանի գրասենյակը, մեքենան եւ բնակարանը խուզարկել` տեղեկատվական բնույթի կրիչներ կամ փաստաթղթեր առգրավվելու համար: Իմ կողմից թվարկված տարածքներից ձեռք բերված նյութերն իրավաբանական ուժ չունեն»:
Նա նաեւ հյուրերի ուշադրությունը հրավիրեց Հայաստանում գործունեություն իրականացնող փաստաբանների անկախության վրա. «Ցանկացած պետության փաստաբան ձգտում է հնարավորիս անկախ լինել: Փաստաբանի արյան մեջ պաշտպանի գենը կա: Նրանք անգամ կենցաղում մշտապես կանգնում են այն անձանց կողքին, ովքեր ունեն օգնության կարիք: Պաշտպանելով թույլին, բնականաբար, ձեռք ենք բերում թշնամիներ` հատկապես պետական մարմիններում, որոնց հետ պայքարը դժվար է, բայց շատ օգտակար: Պետք է նշեմ, որ նմանատիպ հարցերում մեր փաստաբանները մշտապես պատվով են դուրս գալիս, ինչին նպաստում է նաեւ օրենքի կարգավորումը:
Ի դեպ` Մաքսային միության ստեղծման հետ կապված` տարբեր երկրների փաստաբաններ այսպես թե այնպես պետք է առնչվեն միմյանց հետ: Մեզ մոտ հավատարմագրման հարցում օրենքը շատ լիբերալ է. այն հնարավորություն է տալիս այլ պետության փաստաբաններին հավատարմագրվել Հայաստանում եւ, օգտվելով իրենց իրավունքներից, գործունեություն ծավալել». նշեց Ա. Զոհրաբյանը:
Հ. Րեզնիկն էլ իր հերթին անդրադառնալով փաստաբանության գործունեության վերաբերյալ իրենց երկրում առկա խնդիրներին եւ ձեռքբերումներին նշեց. «Լինելով տարբեր քաղաքակիրթ երկրներում եւ ունենալով հանդիպումներ տվյալ պետությունների փաստաբանների հետ` կարող եմ ասել մեկ բան. ընդհանուր առմամբ` մեզ բոլորիս միավորում են մեր վստահորդները: Յուրաքանչյուր փաստաբանի հաջողության գրավականն է ունենալ գիտելիք, փորձ, ինչո՞ւ չէ` նաև հաջողություն:
Պետք է նշեմ, որ մեր պետությունում միայն փաստաբաններն են, որ կարող են իրավաբանական ծառայություն մատուցել. օրենքն այդպես է պահանջում: Փաստաբանն ազատ է իր գործողություններում, սակայն այդ ազատությունը եւս հարաբերական է, քանի որ գոյություն ունի կոռուպցիայի դեմ պայքարի կոմիսիա, որն ունի լայնածավալ լիազորություններ` փաստաբանության ոլորտում հսկողություն իրականացնելու համար: Չնայած նրան, որ տվյալ կառույցի ստեղծման վերաբերյալ քննադատությունները շատ էին` հատկապես փաստաբանների կողմից, վերջիններս պնդում էին, որ տվյալ կոմիսիան ստեղծելով` սահմանափկվում են իրենց իրավունքները, բայց, այնուամենայնիվ, կատարված աշխատանքը բավական էֆեկտիվ է»:
Սոսե Չանդոյան