Փրկարարներն իրականացրել են ուսումնական թռիչքներ
ОбществоՀՀ ՏԿԱԻՆ Փրկարար ծառայության օդադեսանտային փրկարարական ջոկատի անդամները մայիսի 6-ին կատարել են հերթական ուսումնական թռիչքները: Գործնական պարապմունքը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի օդանավակայանի տարածքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդադեսատային ջոկատի անդամները մինչև թռիչքը մասնակցել են տեսական պարապմունքների, որոնց նպատակն է կատարելագործելու անկարգելի (պարաշյուտ) կառավարման տեսական գիտելիքները, ինչը կարևոր է գործնական թռիչքների որակն ապահովելու համար: Օդադեսանտային ջոկատի այս խմբի 24 անդամներից 3-ը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են, իսկ 16-ն առաջին անգամ են ուսումնական թռիչք իրականացրել:
Ջոկատի անդամների նախաթռիչքային ուսուցումը, ինչպես նաև հրահանգավորումն իրականացվել է ՊՆ գնդապետ Թևոս և կապիտան Քրիստինա Իլիկչյանների գլխավորությամբ: Բուժզննում անցնելուց հետո ջոկատի անդամները նստել են ուղղաթիռ և գետնից մոտ 800 մետր բարձրության հասնելուց հետո սկսել են ուսումնական պլանով նախատեսված թռիչքները:
Փրկարար ծառայության օդադեսանտայինները հաջողությամբ կատարել են ուսումնական պլանով իրենց առջև դրված խնդիրները: Թռիչքների միջոցով գործնական պարապմունքները նպատակ ունեն շարունակաբար կատարելագործել փրկարարների հմտությունները` անմատչելի վայրերում երկնքից օգնության հասնելու գործողություններն ավելի կազմակերպված և արագ իրականացնելու համար:
Հրամանատարական դիտակետից թռիչքների ընթացքին հետևել են ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Արսեն Արշակյանը, վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանը և ՀՆՓԱԻԿ պետ, փ/ծ գնդապետ Գևորգ Գալստյանը: Արդյունքների ամփոփումը ևս մեկ անգամ փաստել է, որ ՓԾ օդադեսանտային ջոկատի անդամները հարկ եղած ժամանակ պատրաստ են անհրաժեշտ օգնություն ապահովել նաև երկնքից: