Վարդան Այվազյանի ասածներն իրականության կամ տնտեսական տրամաբանության հետ կապ չունեն. Հ. Բագրատյան
ПолитикаԻնչպես արդեն տեղեկացրել էինք, «Եկամտահարկի» եւ «Շահութահարկի» մասին օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին աղմկահարույց նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց:
Չնայած ընդդիմության ներկայացուցիչների սթափեցման բազում կոչերին` հանրապետական պատգամավորները, այնուամենայնիվ, գործեցին բնազդաբար եւ սեղմեցին իրենց կողմից այդքան սիրված կոճակը:
Արդեն իսկ ընդունված փոփոխությունների վերաբերյալ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց.
«Օրենքը երբեք չեն ընդունում եկեք մի քիչ քցենք, եկեք մի քիչ ֆռանք տրամաբանությամբ: Այդ օրենքները նման մոտեցման համար պատժվում են: Եթե այս օրենքում ամեն ինչ ճիշտ լիներ, ապա օրենքին կից նաեւ համաձայնագիր պետք է լիներ»:
Օրենքում կատարված փոփոխության եւ ՌԴ-ի հնարավոր արձագանքի հետ կապված պատգամավորը նկատեց. «Ռուսաստանն ասելու է` միեւնույն է տվյալ անձն աշխատում է ինձ մոտ եւ ես նրանից հարկ գանձելու եմ, իսկ ձեր երկրում տվյալ անձին ինչ անում եք արեք: Չնայած, ըստ ԵՏՄ-ի տրամաբանության, տվյալ մարդկանց Հայաստանում չպետք է ձեռք տաք»:
Իսկ ՀՀԿ պատգամավորների եւ Վարդան Այվազյանի հակադարձումների վերաբերյալ էլ Բագրատյանը նշեց. «Օրենքում գրված է այնպիսի մի նախադասություն, այնպիսի մի միտք, որը ոչ մի կերպ հնարավոր չէ հասկանալ: Ամեն ինչ պետք է մանրամասն ներկայացվեր, իսկ օրենքում գրված է ընդամենը մեկ շատ երկար նախադասություն:
Վարդան Այվազյանը սխալ է ասում: Մարդիկ աշխատելու են Ռուսաստանում: Եթե մենք հետեւում ենք կրկնակի հարկման պայմանագրին, ապա պետք է մարդիկ ՌԴ-ում վճարեն 13%, իսկ մեզ մոտ` 11% , սակայն այնտեղ ավելանում է նաեւ 42% սոցապ հարկը, իսկ մեզ մոտ սոցապ հարկն ընդամենը 10% է: Վարդան Այվազյանի ասածներն իրականության կամ տնտեսական տրամաբանության հետ կապ չունեն»:
Անդրադառնալով խոշոր բիզնեսմեններին եւ նրանցից գանձվող հարկերին` պատգամավորն ասաց. «Մեր խոշոր բիզնեսմենների համար հարկային դաշտը գրեթե զրոյացել է. հարկվում է ընդամենը 2% կամ մի փոքր ավել: Այս պարագայում, եթե ինչ-որ կերպ առավելություն է տրվում խոշոր գործարարին, այստեղ եւս միջին բիզնեսով զբաղվողը տուժում է: Այսինքն` սրանից հետո շինարարական փոքր եւ միջին ֆիրմաներ չեն լինի, ամեն ինչ կարվի տակից»:
Սոսե Չանդոյան