Սերժանտները կկարողանան հրամանատարական պաշտոններ զբաղեցնել
ОбществоԱզգային ժողովը մայիսի 6-ի արտահերթ նիստում քննարկեց ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական կազմի ընդլայնումը և որպես առանձին հրամանատարական համապատասխան օղակի ձևավորումը նախատեսող օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացրեց օրենքի նախագծի էությունը: «Օրենքի նախագծով սահմանվում է, որ վաշտի ավագի, դասակի հրամանատարի տեղակալի, ջոկի հրամանատարի պաշտոնները փոխարինվում են վաշտի, դասակի ու ջոկի սերժանտների պաշտոններով: Կարծում ենք, որ օրինագծի ընդունումը կխթանի ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի կայացումը, կրտսեր հրամանատարական կազմի դերի բարձրացումը, պարտականությունների հստակեցումը, ենթակա անձնակազմի ճշգրիտ կառավարման գործընթաները»,- նշեց Արա Նազարյանը:
Նրա խոսքով` գնդի և գումարտակի սերժանտները, որպես նոր ձևավորվող ինստիտուտի ներկայացուցիչներ, պատասխանտու են լինելու զինվորների դաստիարակման, նրանց բարոյահոգեբանական վիճակի, մասնագիտական պատրաստության համար, ենթակա են լինելու գնդի հրամանատարին, իսկ ենթակա սերժանտների, շարքային զինծառայողների համար հանդիսանալու են անմիջական պետ: «Ներկայում նշված պաշտոններում նշանակվում են նաև ժամկետային պարտադիր զինծառայողները, սակայն միտումները տանում ենք նրան, որ առաջիկայում այս պաշտոնները զբաղեցնեն պայմանագրային զինծառայողները» ;,- հայտնեց փոխնախարարը: