Բարեգործական ծրագրերի շրջանակում 51 երկրից հանրապետություն է ներմուծվել 18.59 մլրդ դրամի ապրանք
ОбществоՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից որակված ծրագրերի շրջանակներում 2014 թվականի ընթացքում հանրապետությունում բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրեր են իրականացրել միջազգային և հանրապետական 143 կազմակերպություններ: Այդ մասին նշված է կառավարությանը ներկայկացված բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2014 թվականի ընթացքում բարեգործական ծրագրերի կատարման ընթացքի մասին հաղորդման մեջ:
Դրանցից 58 կազմակերպություն իրականացրել են երկարաժամկետ ծրագրեր՝ կապված ինչպես աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, այնպես էլ՝ բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման հետ, իսկ 85 կազմակերպություն իրականացրել է կարճաժամկետ ծրագրեր՝ կապված միայն բարեգործական բեռների ներմուծման և բաշխման հետ:
Մեծածավալ ծրագրեր են իրականացնում «Տաթևի վերածնունդ» հիմնադրամը՝ 5.56 մլրդ դրամ, «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը՝ 4.29 մլրդ դրամ, «Այբ» կրթական հիմադրամը՝ 2.09 մլրդ դրամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 1.89 մլրդ դրամ:
2014-ի ընթացքում հանձնաժողովի կողմից որակված բարեգործական ծրագրերի շրջանակներում 51 երկրից հանրապետություն են ներմուծվել 18.59 մլրդ դրամ մաքսային արժեքով բեռներ՝ 131 կազմակերպության հասցեով, այդ թվում՝ երկարաժամկետ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հասցեով՝ 8.34 մլրդ դրամ արժեքով, կարճաժամկետ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հասցեով՝ 10.25 մլրդ դրամ արժեքով: 2013-ի համեմատ 2014-ին ներմուծված բեռների մաքսային արժեքը նվազել է 5.03 մլրդ դրամի չափով:
Ըստ մաքսային արժեքի՝ ներմուծված բեռների 51.4 %-ն առողջապահության բնագավառի ապրանքներ են, այդ թվում՝ դեղորայք 6.52 մլրդ դրամ մաքսային արժեքով, բժշկական սարքավորումներ և պարագաներ՝ 3.04 մլրդ դրամ մաքսային արժեքով:
Բեռների 34.78 %-ը ներմուծվել է ԱՄՆ-ից, 14,84 %-ը՝ Շվեյցարիայից, 7,3 %-ը՝ Չինաստանից, 5,82 %-ը՝ Ավստրիայից, և , 4,78 %-ը՝ Մեծ Բրիտանիայից: