Եվրախորհրդարանում կանցկացվեն ԼՂ ինքնորոշմանը նվիրված քննարկում եւ Արցախի ամիս
ОбществоՏարին բուռն է լինելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Եվրոպական խորհրդարանի միջեւ լայն գործակցության առումով: Այս տարվա ընթացքում նախատեսվում են մի շարք զանգվածային միջոցառումներ, որոնց նպատակն է, ոչ միայն աշխարհին ներկայացնել Արցախի հարցը, այլեւ միջազգային օրակարգում պահել ինքնորոշոման խնդիրը: «Արմենպրես»-ի հետ զրույցու մ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը նշում է, որ հունիսին Եվրոպական խորհրդարանում կկայանա ազգերի ազատ ինքնորոշման իրավունքին նվիրված գիտաժողով, որի հիմքում կլինի ԼՂՀ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը:
«Գիտաժողովը կընթանա երկու ուղղությամբ` գիտական եւ քաղաքական: Կմասնակցեն Եվրախորհրդարանի պատգամավորները, նաեւ գիտնականներ, միջազգային իրավունքի մասնագետներ»,- ասաց Գասպար Կարապետյանը` հավելելով, որ նման քննարկումների նպատակն է ոչ միայն ուշադրություն հրավիրել ԼՂ հիմնախնդրին, այլեւ միջազգային հանրության ընկալմանը հասցնել փաստը, որ ազգերի ազատ ինքնորոշումը պետք է վեր դասվի ամեն ինչից:
Արցախի թեման Եվրախորհրդարանում կրկին օրակարգային կդառնա սեպտեմբերին: Արցախի անկախության օրվա առթիվ Եվրոպական խորհրդարանի շենքում ոչ միայն կկայանա հյուրասիրություն, որին կմասնակցեն Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի բարեկամությամբ խմբի պատգամավորները, այլեւ քննարկում` նվիրված հայկական երկրորդ պետությանը: «Հոկտեմբերին կկազմակերպվի Արցախի ամիս Եվրախորհրդարանում: Սա ավանդական միջոցառում է եւ իրականացվում է երկրորդ անգամ»,- ասաց Կարապետյանը` հավելելով, որ շատ քիչ երկրներ են ունենում նման ամիսներ եվրոպական այդ հեղինակավոր կառույցում:
Բացի քաղաքական համագործակցությունից, շեշտը կդրվի նաեւ մշակութային եւ կրթական հարաբերությունների զարգացմանը: Մասնավորապես, Արցախի եւ Բելգիայի պետական համալսարանների միջեւ կնքվել է գործակցության համաձայնագիր, ինչի արդյունքում մայիսի կեսերին Բելգիայի համալսարանի քաղաքական գիտությունների մի խումբ դասախոսներ կայցելեն Ստեփանակերտ եւ հանդիպումներ կունենան ուսանողների հետ: Հունիսին էլ Արցախի պետական համալսարանի երկու դասախոսներ կգնան Բելգիա եւ կունենան հանդիպումներ եւ փորձի փոխանակում: «Այս ամենը միտված է հասնելու այն իրականությանը, որ Եվրախորհրդարանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ասաց Կարապետյանը` հավելելով, որ դա երկար աշխատանք է եւ արդյունքը չի կարող լինել միանգամից:
Գասպար Կարապետյանը հավելում է, որ նման միջոցառումները հիմք են նախապատրաստում, որ Եվրոպայում ապրող մարդիկ տեսնեն ու հասկանան Արցախի էությունն ու հարցը քննարկեն առաջին հերթին մարդկային տեսանկյունից: «Հենց դա է պատճառը, որ, բացի քաղաքական հարցերից, նաեւ գիտական եւ մշակութային քննարկումներ ենք կազմակերպում, որպեսզի մարդիկ հասկանան, որ Արցախը աճող, զարգացող պետություն է»,-նշեց Կարապետյանը:
Մշակութային ծրագրերի շրջանակում նա կարեւորում է հոկտեմբերին Եվրախորհրդարանում Արցախի երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը: Այժմ Եվրոպայում լայն թափով ներկայացվում է նաեւ արցախյան գորգագործության առանձնահատկությունը: Դրանք առաջին հերթին ներկայացվում են ոչ թե բիզնեսի, այլ մշակույթի ու պատմական տեսանկյունից:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ