Երևանի քաղաքապետարանն ուսանելի բաց դասեր է անցկացնում ուսուցիչների համար
ОбществоԵրևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ մայրաքաղաքի դպրոցների հայոց լեզվի և գրականության, ինչպես նաև հայոց պատմության ուսուցիչները մասնակցել են «Հայոց ցեղասպանության և հայ դատի դասավանդման հիմնախնդրի պարզաբանումը հայ գրականության և պատմության դասաժամերին» ուսանելի բաց դասերին։ Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկումները վարել է Վ. Բրյուսովի անվան ՀՊԼՀ-ի հայագիտության ամբիոնի ավագ դասախոս Սուսաննա Աբազյանը։
Ծրագրի առաջին փուլի ամփոփիչ հանդիպումը տեղի է ունեցել Երևան քաղաքի պատմության թանգարանում։ Հանդիպմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։ «Հանրակրթության վարչությունը շատ է կարևորում դպրոցականների արժեհամակարգի ձևավորումը. այդ առումով՝ հատկապես նման բարդ թեմաները հնարավորինս ճիշտ մեթոդով մատուցելն առավել ևս կարևոր է։ Երբ ծրագրի մտահղացումը ներկայացրինք քաղաքապետ Տարոն Մարգարյանին, պարոն քաղաքապետն առաջարկեց ծրագրում ներառել Երևանի բոլոր՝ այդ թվում և ավագ ու մասնավոր դպրոցների ուսուցիչներին, ինչի շնորհիվ բարձրացավ ծրագրի արդյունավետությունը»,- ընդգծել է Գայանե Սողոմոնյանը և հավելել, որ այլ առարկաներից ևս կկազմակերպվեն վարպետաց դասեր՝ տարբեր թեմաներով։